Կրկին շրջանառության մեջ է դրվել անցումային արդարադատության թեման
«Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր «Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին 5 փորձագետներ՝ «անցումային արդարադատության» ջատագով Ռուբեն Կարանզա, Հենրի Վանվուրեն, Հայաստանից՝ Արթուր Սաքունց, Վարուժան Հոկտանյան և «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյան:
«Երբեմն, քանի որ անցումային արդարադատությունը շփոթում են պարզապես իրավական աշխատանքի հետ, մտածում են, որ այն կարելի է անել հեռակա: Այս ենթադրության խնդիրն այն է, որ համարվում է, թե օրենքներն ու քաղաքականություններն են որոշիչը կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումներ կատարելու դրդման մեջ: Այս ենթադրության խնդիրն այն է, որ օրենքները շատ հաճախ չեն արտացոլում այս կամ այն երկրում քաղաքական կամ մշակութային դինամիկան»,- քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Կարանզան:
Վերջինս կարծում է, որ անցումային արդարադատությունն անդրադառնում է կոռուպցիային:
Նկատենք, որ Ռուբեն Կարանզայի խոսքի մեջ օգտագործվում էր «պետություն զավթածներ» արտահայտությունը, և քանի որ ներկաները կարծես թե դրան չարձագանքեցին, ակնհայտ էր, որ առնվազն դեմ չէին այդ արտահայտությանը, հատկապես, որ նրանց խոսքի մեջ նույնպես հնչում էր այդ միտքը:
Արթուր Սաքունցը, օրինակ, կարծում է, որ յուրաքանչյուր ոք առնչվել է պետության զավթման խնդիրներին: Առհասարակ նրա խոսքի գլխավոր թեման հենց, այսպես կոչված, «պետության զավթումն» էր:
Գոհար Սավզյան