Վրաստանի խորհրդարանն սկսել է 2020 թվականին համամասնական ընտրությունների անցնելու ընթացակարգը
Հոկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքին, որոնք վերաբերում են 2020 թվականին զրոյական շեմով եւ համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Խորհրդարանի նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
«Ինձ համար պատիվ է՝ ձեզ ներկայացնել կարեւորագույն փոփոխություններից մեկը «Սահմանադրության մասին» օրենքում, որը նախատեսում է՝ փոխել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական համակարգը»,-ասել է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին, որը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող:
Փոփոխությունների նախաձեռնողներ են հանդես եկել խորհրդարանի 93 պատգամավորներ: Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից 113-ի համաձայնությունը:
Այսօր «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 107 պատգամավորով: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ կպաշտպանի փոփոխությունները եւ կառավարող կուսակցությանը կօգնի դրանք ընդունել: Չնայած ընտրությունների համամասնական համակարգի անցնելու հարցի շուրջ ընդդիմության եւ կառավարող կուսակցության միասնությանը, իշխանության ընդդիմախոսները, այնուամենայնիվ, դժգոհություն են հայտնում այն բանից, որ նորամուծությունը կարգելի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միավորվել մեկ դաշինքներում եւ հանդես գալ միասնական ճակատով: Նրանց նաեւ չի բավարարում այն, որ 2024 թվականից զրոյական արգելքը կլուծարվի եւ կսահմանվի 5 տոկոսի շեմ: Ընդդիմությունը պնդում է շեմի նվազեցումը մինչեւ 3 տոկոս: 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից համամասնականին անցումը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին ազդարարել է հունիսի վերջին:
Խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցույցեր էին կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: