«Մենք իրենց ավելի լավ ենք ճանաչում, քանի որ ճապոնական արտադրանքը՝ սկսած մեքենաներից, մեծ մեխանիկական սարքերից մինչև էլեկտրոնիկայի վերջին նորույթները, Հայաստանում կա». Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է Ճապոնիա կատարած այցի արդյունքները:
«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,- ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին:
Նախագահը նշել է, որ միմյանց հետ աշխատելու համար առաջին հերթին պետք է իրար ճանաչել. «Մենք իրենց ավելի լավ ենք ճանաչում, քանի որ ճապոնական արտադրանքը՝ սկսած մեքենաներից, մեծ մեխանիկական սարքերից մինչև էլեկտրոնիկայի վերջին նորույթները, Հայաստանում կա: Հետևաբար, այս ֆորումն առիթ կլինի, որ հայկական գիտական և արդյունաբերական ներուժը ցույց տանք իրենց՝ հիմնականում մաթեմատիկական մոդելավորման, մեծ ծավալի տվյալների կառավարման և արհեստական բանականության ոլորտներում,- ընդգծել է Հայաստանի նախագահը:- Համագործակցության հետաքրքրությունը երկկողմ է։ Ճապոնական կողմի հետաքրքրությունն ավելին էր, քան ես սպասում էի: Հետաքրքրությունը կա, քանի որ աշխարհն է փոխվում: Այս աշխարհում շատ բաներ նույնը չեն լինելու, և բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր շուկաներ և հարաբերություններ կառուցել: Հայաստանն այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ ունի»:
Արդյունքի հասնելու համար նախագահ Սարգսյանը կարևորել է համբերությունը, ամենօրյա աշխատանքն ու շարունակելիությունը. չի կարելի հանդիպել մարդու հետ, հետո մոռանալ։
Խոսելով որպես երկիր հաջողության հասնելու ուղիների մասին՝ նախագահը բերել է Սինգապուրի օրինակը, որի հաջողության հասնելու գործոններից մեկն էլ տեսլական ունենալն էր: «Այսինքն՝ պատկերացնել, թե ուր ես տանում քո երկիրը, դրանից հետո ունենալ հստակ ծրագիր, թե ինչպիսի քայլերի հերթականություն պետք է ընտրել։ Այնուհետև՝ պետք է ունենալ լավ կառավարման համակարգ և մարդիկ, որոնք կարող են այդ ծրագիրն իրականացնել: Պետք է ունենալ նաև կարգապահություն, այդ թվում՝ հոգեբանական, որպեսզի չվհատվես ձախողումներից և շարունակես ճանապարհը,-ընդգծել է նախագահը:- Սինգապուրի, Հոնկոնգի հաջողության մյուս գործոնն այն էր, որ դրանք նավահանգստային քաղաքներ էին և դարձել էին առևտրային կենտրոններ: Հայաստանը ծով չունի, բայց կարող է դառնալ տեղեկատվության և մեծ ծավալի տվյալների մի նոր նավահանգիստ: Եթե մենք կարողանանք տեղեկատվության օվկիանոսի մեջ Հայաստանը դարձնել այն նավահանգիստը, որտեղ մտնելու են թվային մեծ ծավալի տվյալներ և վերամշակվելուց հետո դուրս են գալու՝ վերբաշխվելով աշխարհով մեկ, ապա մենք հաջողության կհասնենք, կկատարենք ճիշտ նույն ֆունկցիան, ինչ միջին դարերից սկսած կատարում են մեծ նավահանգիստները՝ որպես տրանսպորտային խաչմերուկ»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս անել, որպեսզի տեխնոլոգիաները չտանեն մեկուսացման, այլ օգտագործվեն որպես խաչմերուկ, նախագահ Սարգսյանը նկատել է, որ պետք է լրջորեն զբաղվել նոր տեխնոլոգիաներով, չմտածել, թե աշխարհի ամենախելացին ենք կամ ամեն ինչ ունենք: «Պետք է լինենք համեստ՝ գիտակցելով, որ դեռևս շատ-շատ անելիք ունենք, դեռևս շատ քիչ բան ունենք: Այո, ունենք ներուժ, որը կարող ենք իրացնել ու հպարտ լինել, և հակառակը, չիրացնել և մնալ օգտագործողի մակարդակում,-ասել է նա:- Այդ դեպքում մեզնից յուրաքանչյուրը կրկին կխոսի չիրականացված հնարավորության մասին, որն աշխարհի ամենավատ բաներից մեկն է, երբ գիտես, որ ունեիր հնարավորություն և չարեցիր դա»։
Նախագահը կարևորել է նաև մարդկային շփումները՝ դրանք համարելով հաջողությունների, խնդիրները լուծելու, երկխոսության ու առաջխաղացման արժեքավոր աղբյուր: «Կարծում եմ՝ շատ էական է, որ սովորական կյանքում հանդուրժողականության, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը կարողանանք պահել և հարստացնել, դարձնել մեր մշակույթի մասը: Շատ էական է, որ նույն հարաբերությունները կարողանանք տեղափոխել նաև վիրտուալ աշխարհ,-նշել է նա և ավելացրել.- Ճապոնացիներն այստեղ, կարծում եմ, բավականին առաջ են, որովհետև պատասխանատվության, կարգապահության դրսևորումներին այս երկրում հանդիպում ես ամեն րոպե: Ճապոնիայի վերջին 70-80 տարիների հաջողությունների հիմնական աղբյուրը սա է՝ հարգանքը պետության, սեփական մշակույթի, ազգի, սեփական գործի, միմյանց ու ընտանիքի հանդեպ»: