Պե՞տք է, արդյոք, վերաբացել հոկտեմբերի 27-ի գործը. Ռուբեն Հակոբյան
Կարծում եմ` այո: Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները։ Համոզված եմ, որ եթե ժամանակին նախաքննությությունը քաղաքական պատվեր չկատարեր և, քննությունը միայն մեկ ուղղությամբ տանելով, չփորձեր ամեն գնով ահաբեկչության պատվիրատու դարձներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա համակողմանի, առարկայական քննության դեպքում այսօր մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր: Եվ դավադիրների այն խումբը, ովքեր այսօր շահագրգռված են բոլորովին այլ նպատակներով վերաբացել գործը, հենց հիմնականում իրենք էին նախաքննությունն ուղղորդողները:
Հենց նրանց գիտությամբ ու ցանկությամբ էր, որ այդ ընթացքում ահաբեկիչների մենախցերը դարձել էր проходной двор շատերի համար, ովքեր փորձում էին ամենադաժան և բիրտ միջոցներով ահաբեկիչներից կորզել խոստովանական ցուցմունքներ օրվա իշխանությունների մասով:
Այս խմբին չէր հետաքրքրում իրականացված ահաբեկչության ամբողջական և իրական պատկերը… Հասարակության մեջ շրջանառվող որևէ վարկած այդպես էլ նախաքննության և դատավարության ուշադրությանը չարժանացան: Նրանք, շահարկելով Վազգեն Սարգսյանի հետ իրենց մտերմությունը, վրեժ էին փորձում լուծել Ռոբերտ Քոչարյանից, ով դուրս էր վռնդել նրանց, որ գնդակահարված վարչապետի մարմինը դեռ չսառած` վարչապետ, փոխվարչապետ, պաշպանության նախարար, գլխավոր դատախազ էին ուզում դառնալ… Այլապես սպառնում էին իրեն մեղադրել ահաբեկչության կազմակերպման մեջ: Չստացան և մինչև այսօր շարունակում են վրեժխնդիր լինել:
Կրկնում եմ` եթե դու´ք ձեր այդ նենգ, դավադիր պլանների հետևից չգնայինք և նախաքննությունը չտանեիք միայն ձեր չբավարարված ամբիցիանները բավարարելու ուղղությամբ, համոզված եմ, որ և´ հասարակությունը, և´ զոհվածների հարազատները վաղուց արդեն կունենային ահաբեկչության կազմակերպման և իրականացման ամբողջական պատկերը:
Ավելացնեմ նաև` կառավարությունը բռնազավթելու ձեր այդ անբարո պահվածքը, այդ օրերին բանակը առանց Գերագույն գլխավոր հրամանատարի գիտությամբ փողոց դուրս հանելը բացահայտ պետական հեղաշրջման փորձ էր, ինչին օրվա իշխանությունը, ինձ համար անհասկանալի պատճառներով, իրավաքաղաքական գնահատական չտվեց… Բայց, կարծում եմ, այսօր էլ դեռ ուշ չէ:
Որպես ՀՀ քաղաքացի, այդ օրը ԱԺ դահլիճում ներկա գտնվող տուժող պատգամավոր, համաձայն եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Բայց այս անգամ արդար, օբեկտիվ, նաև, օրենքի սահմաններում, միջազգային փորձագետների ներգրավմամբ վերջապես պետք է կարողանալ ամբողջությամբ բացահայտել այդ ահաբեկչության իրական պատկերը` տեղ չթողնելով հետագա շահարկումների համար, ինչի ականատեսն ենք այսօր:
Ռուբեն Հակոբյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ