Անձի առևանգում` Արմավիրի մարզում. կասկածյալների թվում է Շենավան գյուղի գյուղապետը. Shamshyan.com
Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամ իր ընկերների հետ իրեն տանից դուրս է կանչել իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին, ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից և նստեցրել մեկ այլ ավտոմեքենա` տանելով Հուշակերտ գյուղի դաշտեր:
Հ. Հունանյանը հայտնել է նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Աղբյուրի տեղեկություններով` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը:
Ոստիկանները պարզել են նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը: Նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Նշվում է, որ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Նշվում է նաև, որ հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր որսացել, իսկ հետո լուսանկարները տեղադրել համացանցում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: