Ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկի անդրադարձը Հայաստանին
Հինգ պատճառ, թե ինչու պետք է այցելել Հայաստան. ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկը, ով մեծ թվով հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, հրապարակել է տեսանյութ Հայաստանի մասին: Կովկասի սիրտը, այսպես է բնորոշում Հայաստանը Եվա զու Բեկը, ով իր տեսանյութը սկսում է Երևանից:
«Հայաստան այցելելու առաջին պատճառը հենց Երևանն է, որը լի է անակնկալներով»,-պատմել է նա: Տեսանյութում ներկայացվում է Կասկադ համալիրն իր հետաքրքիր վայրերով, որտեղից ապշեցուցիչ գեղեցիկ տեսարան է բացվում:
«Այստեղ կարող եք գտնել Սովետական միության ազդեցությունը, քրիստոնեական մեծ ժառանգություն, իսլամական ճարտարապետության նմուշներ: Այդ ամենից զատ, Երևանն առանձնանում է ժամանակակից ռեստորաններով ու ժամանցի վայրերով»,-նշել է նա:
Եվա զու Բեկը պատմում է հայկական շուկայի մասին՝ շեշտադրելով սուջուխը, չրերը, մրգերը: Բլոգերը հիացած է հյուրասիրությամբ, երբ վաճառողներն առաջարկում են անպայման համտեսել հայկական բերքն ու բարիքը:
Ներկայացնելով հայկական եկեղեցիներն ու դրանց պատմությունը, Եվա զու Բեկն ընդգծում է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Խոսելով խաղողագործության մասին, հեղինակը պատմում է Հայաստանում գինու մշակույթի մասին:
«Հայաստանն առանձնանում է իր լավագույն ուտեստներով: Աննկարագրելի համ ունեն, ես իսկապես սիրում եմ հայկական ուտեստները»,-նշել է նա՝ պատմելով խուրջինի, ղափամայի, ժենգյալով հացի, տոլմայի մասին:
Հեղինակը ֆիլմում հատուկ շեշտադրում է Հայաստանի բնությունը, անտառները, լեռնաշխարհն իր ողջ գեղեցկությամբ: