Ատոմային ռումբի օգտագործման դեմ Էյնշտեյնի նամակները աճուրդի են դրել Նյու Յորքում
Ալբերտ Էյնշտեյնի չորս նամակները, որոնցում տեսաբան ֆիզիկոսը կոչ է անում այլեւս երբեք թույլ չտալ ատոմային ռումբի կիրառում, 12 հազար ֆունտով (15,5 հազար դոլարով) Bonhams-ի աճուրդին են դրել Նյու Յորքում: Այդ մասին գրել է Daily Express թերթը:
1939 թվականին Էյնշտեյնն իր ստորագրությունն է դրել մի խումբ գիտնականների՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին հղված նամակի տակ, որում նշվում էր Գերմանիայում ատոմային ռումբի ստեղծման վտանգն ու այդ բնագավառում Ամերիկայում լայնամասշտաբ հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը: Յոթ տարի անց Էյնշտեյնը, որը ցնցված էր Հիրոսիմայում եւ Նագասակիում միջուկային զենքի օգտագործման հետեւանքներից, գործարար Քլիվլենդ Դոջին գրած նամակներում այն համարել է մարդկության ահավոր սպառնալիքը:
Այս ձեռնարկատերը զանգվածային ոչնչացման զենքի դեմ շարժման կողմնակիցներից մեկը դարձավ 1946 թվականին ֆիզիկոս տեսաբանի նախաձեռնությամբ Գիտնական-միջուկագետների արտակարգ կոմիտեի ստեղծումից հետո, որի նպատակն «ապագայում նմանօրինակ ողբերգությունների կանխումն էր»:
«Խաղաքարտի վրա է դրված մեր քաղաքակրթության ճակատագիրը»,-նշում է Էյնշտեյնը Դոջին գրած նամակներից մեկում, որը թվագրված է 1946 թվականի հոկտեմբերով:
Bonhams-ի ներկայացուցչի խոսքով՝ գիտնականը «պարզապես շվարել էր ատոմային ռումբի կիրառումից»: Նամակների այդ կարեւոր հավաքածուում, որն աճուրդի է դրվել Դոջի ընտանիքի կողմից, արտացոլված է «ճգնաժամային իրադրությունն Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում», հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: