«Այս պատերազմը միանգամից չի դադարեցվի». Կնյազ Հասանովը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի հանդիպումը, որը տևել է մոտավորապես 6 ժամ։

Հանդիպման արդյունքում Պուտինն ու Էրդողանը հուշագիր են ստորագրել։ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի վերաբերյալ հուշագրի իրականացումը վերահսկելու համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կապ պահպանում են Սիրիայում վտանգի մեջ գտնվող քրդերի հետ, չնայած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո իրավիճակը որոշ չափով կայունացել է, սակայն քրդերն իրենց անվտանգ չեն զգում։

«Այս իրավիճակում քրդերը չշահեցին, քանի որ նրանց տարածքների մի մասը գնում է Թուրքիայի վերահսկողության տակ, թուրքերը ստոր ձևով էին վարվում քրդերի հետ, նրանց կոտորում, սպանում էին և օգտագործում էին քիմիական զենք։ Այս հանդիպումով կարծեք թե քրդերը խուսափեցին հերթական կոտորածից։ Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կփոխվեն։ Բնական է, որ այս պատերազմը միանգամից չի դադարեցվի»,- նշեց Կնյազ Հասանովը։

Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայում ստեղծված ճգնաժամի հետ կապված՝ հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով, որպեսզի դադարեցնեն Սիրիայում ռազմական գործողությունը և խուսափեն հերթական ցեղասպանությունից։

Կնյազ Հասանովը նաև ընդգծեց, որ այդ բողոքի ակցիայի ժամանակ քուրդ համայնքի ներկայացուցիչներից մեկը կոպիտ էր արտահայտվել եզդիական համայնքի մասին, քանի որ այդ համայնքից նրանց կողքին այդ օրը որևէ մեկը չէր եղել։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, որ իր մասին է համայնքի ներկայացուցիչը կոպիտ արտահայտվել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իր անզգույշ արտահայտություններով կարող է ասել այնպիսի բաներ, որ ուրիշների համար վիրավորական լինի և նրանց դուր չգա։

«Ես այդ ամենի հետ որևէ կապ չունեմ, այդ արտահայտությունը չեմ կիսում, և ինձ համար անընդունելի է»,- շեշտեց նա և հավելեց, որ իրենք այդ ակցիայով ցանկացել են ընդամենը բարոյապես աջակցել Սիրիայում բնակվող քրդերին։

Նա նաև փոխանցեց, որ այս պահին Սիրիայի քրդերի հրամանատարը Միացյալ Նահանգներում է, որտեղ հանդես է եկել մամուլի ասուլիսով և հանդիպել է Թրամփի հետ՝ ներկայացնելով ընդհանուր իրավիճակը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս