Արմենակ Արմենակյանի կինը բոլորի՞ անունից է խոսել
«Ես անտեղյակ եմ այդ հայտարարության մասին, ես չգիտեմ՝ ինչ որոշման մասին է խոսք եղել, եթե անգամ կանանցով հանդիպել են և որոշում են կայացրել, ես տեղյակ չեմ։ Չնայած, եթե այդպիսի որոշում լիներ, վստահաբար ինձ էլ կզանգեին, տեղյակ կպահեին: Տիկին Բաշխյանը (Անահիտ Բախշյանը,- Ս.Բ.) պատասխանատու կերպով ամեն բան տեղեկացնում է բոլորիս, հետևաբար՝ այդպիսի պայմանավորվածություն չի եղել»,- 168.am-ին այս մասին ասաց Լեոնարդ Պետրոսյանի կինը՝ Լարիսա Պետրոսյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Արմենակ Արմենակյանի կնոջ՝ Արմինե Արմենակյանի այն հայտարարությանը, որ զոհերի կանայք գործը վերաբացելու համար որոշել են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է տիկին Արմինեն այդպիսի բան ասել: Սովորաբար, երբ ցանկացած առիթով մի փոքր բան լինում է, բոլորս իրար տեղեկացնում և միասնաբար հանդիպում ենք: Իհարկե, անկախ ամեն ինչից, ես կողմ եմ, որ «27»-ի գործը վերաբացվի: Ես օրեր առաջ նաև տիկին Ռիմա Դեմիրճյանի հարցազրույցում կարդացի իր տեսակետը, ինքը ցանկանում է, որ վերաբացեն գործը, այո, դա մեզ պետք է, բայց միայն մի դեպքում, որ արդար դատաքննություն իրականացվի և մեր պետականության դեմ ուղղված հանցագործությունը բացահայտվի ամբողջապես:
Սա մեր ընտանիքների ցանկությունը չէ միայն, մենք մեր ցավը մեր ներսում խմորել, տարել ենք, սա հայ ժողովրդի պահանջը պիտի լինի, ոճրագործության ողջ հանգամանքները պիտի պարզվեն՝ երկրի ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշեց տիկին Լարիսան:
«Ոչ, չեն դիմել»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ արդյոք զոհերի կանայք ունե՞ն գործը վերաբացելու հարցով վարչապետին դիմելու որոշում, ասաց Անահիտ Բախշյանը։
Դիտարկմանը, որ այդ մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ. չգիտեմ»։
Հարցին՝ իսկ գործի վերաբացման ցանկություն չունի՞, Անահիտ Բախշյանն ասաց, որ անձամբ ինքը նման ցանկություն ունի, բայց այդ հարցում խոչընդոտ է տեսնում։
«Ամենակարևոր խոչընդոտն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի կարճման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունենք, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմքով է գործը կարճվել, և ինչի հիմքով պետք է բողոքարկենք»,- ասաց նա։
Անահիտ Բախշյանը նաև նշեց, որ լսել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի կանանց հետ հանդիպելու ցանկության մասին։ «Խոսել եմ առնվազն կանանցից երկուսի հետ, նրանք ասացին, որ իրենք էլ ունեն պատգամավորի հետ հանդիպելու ցանկություն»,- ասաց տիկին Բախշյանը։
Սյուզի Բադոյան