Սոնա Աղեկյանն առաջարկում է հասարակության և զբոսաշրջիկների առջև բացել կառավարական առանձնատան դռները

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն առաջարկում է հանրության և զբոսաշրջիկների առջև բացել կառավարական առանձնատների դռները, ճիշտ այնպես, ինչպես բացեցին Ազգային ժողովի և նախագահական նստավայրի դարպասները։

«Երեկ մենք նման պահանջով ներկայացանք, որպեսզի մեր թալանված բյուջեի գումարները չմսխեն 2 ընտանիքի բարեկեցության համար։ 20 հեկտար հողատարածքը նախատեսված չէ 2 ընտանիքի համար, ուստի առանձնատան դռները պետք է բացեն, իհարկե, Պետական պահպանության ծառայության վերահսկողության ներքո։ Այնտեղ ապրել են մի քանի նախագահներ, կարևորագույն քաղաքական գործիչներ, ուստի կարող են շատ հետաքրքիր ծրագիր մշակել և այն ներկայացնել զբոսաշրջիկներին՝ որպես այցելության վայրերից մեկը։

Այսինքն՝ այնտեղ մուտքը տոմսով լինի, և գոյացած գումարը գնա մեր բյուջե։ Մենք բյուջեից մեծ գումարներ ենք տրամադրում, որպեսզի կառավարական առանձնատանն ապրեն ընդամենը երկու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Օրինակ, նրանք ի՞նչ են արել, որ պետք է այդքան գումար ծախսեն և ապրեն այդ տանը, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ, բացի բարձր ձայնով ամբիոնից խոսելուց, ուրիշ ի՞նչ է արել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սոնա Աղեկյանը։

Ըստ նրա՝ անհասկանալի են նաև այն ծախսերը, որոնք պետբյուջեից տրամադրվում են կառավարական առանձնատունը վերանորոգելու համար։ Դա, նրա բնորոշմամբ, կոչվում է բացահայտ թալան, այն դեպքում, երբ նույն թալանի համար էին մերժել նախկին իշխանություններին, և այժմ ավելի «կատաղած ախորժակով» են թալանում։

«Կրկնում եմ՝ չենք ասում, որ անվտանգությունը վերացնեն, թող Պետական պահպանությունն իր աշխատանքը կատարի այնպես, ինչպես մինչև այժմ արել է, բայց կառավարական առանձնատան դռները պետք է բաց լինեն։ Մենք, ուզենք թե ոչ, երկրի վարչապետի անվտանգությունը, որն իբրև թե մեր երկրի խորհրդանիշն է, պետք է ապահովենք։ Բայց ինչպես նա, այնպես էլ՝ ԱԺ նախագահը, որևէ առավելություն չունեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Ժողովրդավարություն քարոզողը, փոփոխություն ցանկացողը նման կերպ չի վարվի, եթե նրանք շատ էին ցանկանում երկրին օգնել, կարող էին իրենց տներում ապրել մի քանի տարի, իսկ առանձնատանը տրվող գումարը խնայել, մինչև մի քիչ երկիրը ոտքի կկանգներ, այնուհետև կարող էին գնալ և իրենց կյանքը վայելել կառավարական առանձնատանը»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ եթե վարչապետը երկրի մասին մտածում է, ապա իր առաջարկի շուրջ պետք է մտածի։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս