«Վշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ համացանցը «ծամում» է ԱԳ նախարարի BBC-ին տված անհաջող հարցազրույցը, կրկին անդրադառնամ ամենակարևոր խնդիրներին։
1. Նախարարը չի հակադարձում հաղորդավարի կողմից տրված շատ կեղտոտ ձևակերպմանը, որ իբր Լեռնային Ղարաբաղը ընդամենը վիճելի տարածք է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ամբողջ հարցազրույցում Մնացականյանը չի խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
2. Նախարարը փաստացի անպատասխան է թողնում մեկ այլ կեղտոտ ձևակերպում. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»։
3. Եվ ամենակարևորը, նախարարի խոսքից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է։ Վերջակետ» ձևակերպումը այդպես էլ դիվանագիտական միս ու արյուն չի ստանում՝ փաստացի մերկացնելով ԱԳՆ-ի և ԱԽՔ-ի տոտալ անընդունակությունը «մաքրել» Նիկոլի հայտարարությունների հետևից։
Վշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք»: