
ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Մոսկվայում հոկտեմբերի 24-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Պանկինը։
Խորհրդակցությունների օրակարգի համաձայն՝ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին, ինտեգրացիոն հարթակներում, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակին վերաբերող այլ հարցեր։
Ռուսաստանյան կողմը երախտագիտություն հայտնեց 2019 թվականին ԵԱՏՄ-ում ՀՀ արդյունավետ նախագահության, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Կողմերն արձանագրեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկեցին առաջիկա ծրագրերի ուղղությամբ իրականացվելիք քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։