«ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքը քաչալ գլուխ երեխա է դարձել, ով գնա-գա՝ ճտցնի». ԵԿՄ անդամ

ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում այսօր լարված իրավիճակ էր. ԵԿՄ նոր նախագահ էին ընտրում: Ընդհանուր ժողովը բաց քվեարկությամբ  այդ պաշտոնում ընտրեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կողմից բաժանմունքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմիկ Մխիթարյանին: Սակայն մինչ քվեարկությունը՝ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի անդամներից շատերը հանձնեցին իրենց անդամատոմսերն ու լքեցին տարածքը:

Առաջադրվել էր նաև ԵԿՄ անդամ Լևոն Մելիքյանի թեկնածությունը, ով ինքնաբացարկ հայտնեց: Ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ: Մինչև քվեարկության սկսվելը երկրապահ կամավորներից մի քանիսը հանձնեցին իրենց անդամատոմսերը՝ պատճառաբանելով, թե համաձայն չեն, որ Կենտրոն տարածքային բաժանմունքը ղեկավարի մեկը, ով այդ բաժանմունքի անդամ չէ, իսկ Ռոմիկ Մխիթարյանը Շենգավիթի տարածքային բաժանմունքի պետն է եղել, իրենք էլ մինչև քվեարկությունն արդեն զգացել էին նախատրամադրվածությունները:

ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ընտրությունը Կենտրոն տարածքի ընտրություն չէր:

«Սա Կենտրոն տարածքի ընտրություն չէր, քանի որ այս տարածքի ընտրությանը պետք է մասնակցեին միմիայն Կենտրոն բաժանմունքի անդամները: Որոշ մարդկանց բերել, ընթացիկ գրանցել են Կենտրոն տարածքում, բայց այս բաժանմունքի անդամները, որոնք իրոք բաժանմունքի անդամ են, հիմա դրսում ինձ հետ կանգնած են: Եթե ցանկանում են ընտրությունն այս ձևով կատարել, թող կատարեն»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:

Ավելի վաղ երկրապահ կամավորները դիմել էին ԵԿՄ նախագահին, որպեսզի հետաձգվի ընտրությունը, քանի որ այն կազմակերպվել է աշխատանքային օր, և ոչ բոլորը կարող են ներկա լինել, քանի որ աշխատում են: Ընտրությունը չի հետաձգվել:

«Մարդիկ դժվար պայմաններում ձեռք են բերում աշխատանք, իսկ կորցնել այս տարիքում ոչ ոք չի ցանկանում: Մարդիկ կան, ովքեր չեն իրազեկվել, քանի որ հեռախոսի համարները փոխել են, առողջ չեն, չեն կարողացել գալ, հանրապետությունում չեն, բայց հաշվի առնելով, որ մենք այս մարդկանց հետ ենք անցել պատերազմը, չեմ առանձնացնում տարածքները, բայց Կենտրոնի տղերքը միշտ իրար հետ են եղել, բոլորս էլ ցանկանում էինք, որ բոլորով մասնակցենք այս ընտրությանը: Ռոմիկը մեր մարտական ընկերն է, կա ու մնալու է, հարցն այն է, որ 0-ից՝ քանդված վիճակից, այս կենտրոնը մենք ենք բերել-հասցրել այս վիճակին, մեր չարչաչանքի, մեր չքնած գիշերների արդյունքն է սա, այսօր մենք համարեցինք, որ մենք իզուր ենք այստեղ, բարով կառավարեն մեզանից հետո»,- ասաց ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը:

Մեր հարցին ի պատասխան, թե ընտրության համար արժե՞ր անդամատոմսը վայր դնել, Աշոտ Ղարիբյանը ցույց տվեց դեռևս 1990-ականներին Վազգեն Սարգսյանից ստացած անդամատոմսը՝ ասելով. «Ես անդամատոմսս Վազգեն Սարգսյանի կողմից եմ ստացել 90-ականներին, 52-րդ երկրապահ կամավորն եմ եղել, հիմա 10.000-ից ավելի ԵԿՄ անդամ կա: Այդ անդամատոմսը հանձնելով՝ ես չեմ դադարում ԵԿՄ անդամ լինել»:

Երկրապահ կամավորական Ռոբերտ Ստեփանյանն անդամատոմսը չի հանձնել, սակայն ինքն էլ է բոյկոտել ընտրությունը: Նա էլ է ասում, որ կցանկանար, որ Կենտրոնի բաժանմունքի ղեկավարը հենց Կենտրոնից լիներ:

«Ես նման ընտրության ձևին դեմ եմ: Ռոմիկն իմ մանկության ընկերն է, մենք անձի դեմ ոչինչ չունենք, տարածքն էլ կապ չունի, ուղղակի ոնց որ ձեր տան մեջ գան, մտնեն, ասեն, որ ձեր տան ղեկավարն այսօրվանից ձեր հայրը չէ, այսինչ մարդն է լինելու, այն դեպքում, երբ երկու պատերազմ անցած տղաներ ունենք, նոր դիրքերից իջած սպաներ ունենք, աստղաբույլ ունենք սպաների, որոնք կարող են ղեկավարել: Վազգեն Սարգսյանը մեր ժողովրդի համար էր ասում, որ «քաչալ գլուխ երեխա ենք դարձել, ով գնա-գա՝ ճտցնի», հիմա ես Սպանդարյան բաժանմունքի՝ այժմ Կենտրոնի բաժանմունքի համար եմ ասում՝ «քաչալ գլուխ երեխա է դարձել, ով գնա-գա՝ ճտցնի»: Կենտրոն բաժանմունքը Սպանդարյան ջոկատի բազայի հիման վրա է ստեղծվել»,- ասաց  Ռոբերտ Ստեփանյանը:

Լևոն Մելիքյանը, ում թեկնածությունն առաջադրել էին ընտրությունները բոյկոտած կամավորները, դեմ չէր Կենտրոն տարածքային բաժանմունքի ղեկավար դառնալ, սակայն, տեսնելով ներսում տիրող իրավիճակը (երբ ԵԿՄ անդամներին առաջարկվեց թեկնածուների անուններ ասել, շատերը բացականչեցին, որ, բացի Ռոմիկ Մխիթարյանից, ուրիշ ոչ ոքի չեն տեսնում այդ պաշտոնում), ինքնաբացարկ է հայտնել:

«Ընտրությունները բոյկոտած տղաներն ինձ վաղուց են ճանաչում, Աֆղանստանում եմ կռվել, Արցախյանում, ապրիլին դիրքերում եմ եղել: Մեր ցանկությունն էր ուղղակի, որ Կենտրոնի տարածքն է, ղեկավարը Կենտրոնից լինի: Ես գրքույկս հանձնել եմ, դուրս եմ գալու ԵԿՄ-ից: Հետագա պայքարը նպատակահարմար չեմ գտնում»,- ասաց Լևոն Մելիքյանը:

Մեր հարցին, թե ի սկզբանե ինչո՞ւ Կենտրոն տարածքային բաժանմունքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար հենց Կենտրոնից չի նշանակվել, նրանք պատասխան չունեին:

«Ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, թե ինչո՞ւ ոչ Կենտրոնից, չի մեկնաբանվել»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:

ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նոր նախագահ Ռոմիկ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր թեկնածությունն առաջադրել են Կենտրոն  բաժանմունքի տղաները, եթե չառաջադրեին ու չընտրեին՝ կհեռանար:

«Առաջադրվեց Լևոն Մելիքյանի թեկնածությունը, ով ինքնաբացարկ հայտնեց, դրեց գրքույկը և հեռացավ, այդպես վարվեցին 7-8 հոգի: Դրել են, գնում են, բարով գնան: ԵԿՄ-ում բացարձակ կապ չունի, ով որ տարածքից է, ես արդեն երկու ամիս է՝ ժամանակավոր պաշտոնակատար եմ, որևէ մեկը տարբերությունը զգացե՞լ է: Կենտրոն բաժանմունքի անդամներն են  նպատակահարմար գտել առաջադրել իմ թեկնածությունը, չառաջադրեին՝ չընտրեին, կգնայի: Ես դեռ 90-ականներից եմ ԵԿՄ-ում, 94-ից ստանձնել եմ Շենգավիթի բաժանմունքի նախագահի պաշտոնը, զրոյից հիմնադրել եմ այդ բաժանմունքը, և ծաղկուն բաժանմունքը հանձնել եմ մեր Արսեն Սարկիսովին, հիմա ի՞նչ, տղերքը, որ ասացին, թե սա մեր սարքած պատերն են, մեր տնկած ծառերն են, ես էլ եմ այնտեղ ծառեր տնկել, պատեր սարքել, ասեմ՝ սա ի՞մն է, չի կարելի տենց»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը:

Նա նաև նշեց, որ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում մենիշխանություն է եղել, և շատ տղաներ իրենց արհամարհված են զգացել:

«Ընտրությունը լքած տղաները Սպանդարյան ջոկատի տղաներն են, իմ մարտական ընկերները, ում շատ հարգում եմ, որովհետև մենք միասին ուղի ենք անցել, բայց այստեղ մենիշխանություն է եղել, տնօրինել է Սպանդարյան ջոկատը, այս տարածքն ի սկզբանե իրենց ջոկատի տարածքն է եղել, հետո է դարձել տարածքային բաժանմունք: Շատ-շատ տղաներ, ազատամարտիկներ, այլ ջոկատների ազատամարտիկներ ուղղակի անտեսված են եղել: Երբ իրենք ասում էին, որ Կենտրոնից մարդիկ այստեղ շատ քիչ են, նկատի ունեին Սպանդարյան ջոկատը, իրենց ջոկատից էին քիչ այստեղ, շատ քիչ էին, անգամ կեսը չկար իրենց ջոկատի: Այստեղ այն տղերքն էին, ում նեղացրել ու ճանապարհել էին, ու ովքեր չէին ուզում այս դուռը բացել: Մի քանի ամիս հետո կգաք, կտեսնեք, թե ինչ վիճակում է այս բաժանմունքը»,- ասաց  ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նոր նախագահ Ռոմիկ Մխիթարյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս