«Հրայր Թովմասյանը չշեղվեց. հայ ժողովուրդը շահած կլինի, եթե նա շարունակի մնալ ՍԴ նախագահ». Արծրուն Պեպանյան

«Իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ՍԴ-ում ունենալ իրենց մարդը և ոչնչի առաջ կանգ չեն առնում»,- «168 TV»«Ռեվյու» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Ա. Պեպանյանը հիշեց, որ, երբ Հրայր Թովմասյանը նոր էր ստանձնել արդարադատության նախարարի պաշտոնը, իրեն խնդրել է կանխատեսել, թե ինչ հնարավոր քաղաքական զարգացումներ կլինեն, որ ինքն իր քաղաքականությունը ճիշտ կազմակերպի. «Ես իրեն ներկայացրեցի իմ պատկերացումները և ասացի, որ ամենաուժեղ հարվածը պետք է սպասի ընդդիմությունից: Նա ասաց՝ չի կարող պատահել, այնտեղ իմ ընկերներն են, ես ամբողջ 10 տարի իրենց հետ ճանապարհ եմ գնացել: Ես ասացի՝ ձեր հաշվարկներում այդքան էլ ճիշտ չեք, որովհետև դուք հիմա դարձել եք նախարար, ձեր կենսագրությունը մաքուր է, դուք ձեր գոյությամբ իշխանական համակարգին մի քիչ մաքրում եք, ինչն ընդդիմությանը ձեռք չի տալիս, ընդդիմությունը շահագրգռված է, որ հնարավորինս մուգ գույներով ներկայացնի իշխանություններին: Նա չհավատաց, ասացի՝ սպասենք, և մի կարճ ժամանակ հետո իր վաղեմի և մտերիմ ընկերները սկսեցին Հրայր Թովմասյանին առանձնակի դաժանությամբ սևացնել՝ նշածս պատճառներով»:

Հիմա էլ, ըստ վերլուծաբանի՝ բացի այն, որ այս իշխանություններն ուզում են ՍԴ նախագահի պաշտոնում իրենց ցանկալի մարդուն ունենալ, նրանց հաջորդ նպատակը դարձյալ նույնն է. «Այս իշխանությունները ժողովրդին ներկայացել են՝ որպես հրեշներից ազատող, ու հիմա պարզվում է, որ այդ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Հրայր Թովմասյանը, անխոցելի է, մաքուր կենսագրություն ունի, նրա վրա ոչինչ չեն կարողանում գտնել: Հիմա Հրայրն ակամա սպիտակեցնում է նախկին համակարգը, և դրա համար այս իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ իր վրա ինչ-որ հանցանք գտնեն: Հիմա Հրայրը նաև այս կողմից է հարվածի տակ»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Թովմասյանին կալանավորեն, թեպետ դրա համար ՍԴ համաձայնությունն է պետք, Արծրուն Պեպանյանն այսպես պատասխանեց. «Թող ոչ մի իշխանություն չմտածի, որ ինքը հավերժ է: Մեր նախկին ռեժիմներին էլ էր թվում, թե իրենց դեմ խաղ չկա: Ի վերջո, իշխանությունները միշտ հեռանում են: Հիմա ամեն մի պետական գործիչ եթե ինչ-որ բան անում է, թող մտածի, որ օրենք է խախտում, և գալու է ժամանակ, որ, եթե իրենից չկարողանան հաշիվ պահանջել, իր ժառանգներից են պահանջելու: Հիմա ինչո՞ւ են նախկին իշխանավորներից շատերի հետևից ընկած, որովհետև մտածել են՝ հավերժ ենք, և օրենք են խախտել: Հիմա սա պետք է դաս լինի նաև նորերի համար»:

«168 TV»«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ պատասխանելով հարցին, թե իր մասին ասում են՝ «հին» է, Հրայր Թովմասյանն ասել է, որ հինն ու նորը երբեմն դիտարկվում է ժամանակագրական առումով, բայց իր կարծիքով՝ հինն ու նորը մտածողության տեսակ է. դու նո՞ր ես քո մտածողությամբ, թե՞ ոչ. «Ովքե՞ր են հինը, 2003-ին ես Բաղրամյան փողոցում էի, ու ոստիկանության զորքերը կրակում էին, ես բոլորի հետ այդ տարածքից դուրս էի գալիս, ովքե՞ր են հինը, երբ ես 2008-ին Արծրուն Պեպանյանի հետ օր ու գիշեր, տասնյակ օրեր, մինչև այդ վատ, չարաբաստիկ իրադարձությունները, փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի խուսափենք դրանից, հիմա ո՞վ  է հինը, ո՞վ է նորը»:

Արծրուն Պեպանյանին խնդրեցինք հիշեցնել՝ ինչի մասին էր պատմում Հ. Թովմասյանը:

«2008թ., երբ սկսվեց նախագահական ընտրությունների քարոզարշավը, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ կոշտ և ագրեսիվ քաղաքականություն սկսեց, և ակնկալելի էր, որ մյուս թևն այդ ագրեսիվությանը պետք է հակադրեր իր ագրեսիվությունը: Եվ մինչ ընտրությունն արդեն զգացվում էր, որ բաժանված են ագրեսիվ երկու մասի, շատ ագրեսիվ, քան հիմա: Ես և Հրայր Թովմասյանը պարբերաբար հանդիպում, իրավիճակը քննում էինք, և անհանգիստ էինք, որ տեղի կունենա բախում: Մենք տարբերակներն էինք քննում, թե ինչ կարող է տեղի ունենալ: Ենթադրենք, տեղի ունենա այն, ինչ, ասենք, տեղի ունեցավ 2008-ին, եթե իշխանությունն արմունկներով պահում է իշխանությունը: Մի տարբերակը սա էինք քննում, հետո քննում էինք մյուս տարբերակը՝ ընդդիմությունն այնքան ուժ է հավաքում, որ կարողանում է իշխանություններին հեռացնել: Այդ դեպքում նույնպես արյուն կթափվեր, և այդ արյան միջոցով իշխանության եկած ընդդիմությունը կաներ այն, ինչ հիմա է անում՝ էլի ինչ-որ մարդկանց կալանավորել, ընկնել հետևներից: Երկու դեպքում էլ պետության զարգացումը կանգ էր առնելու, ինչպես 2008թ. մարտի 1-ից հետո կանգ առավ, և ինչպես որ հիմա է կանգ առած, որովհետև հին հաշիվներ ենք մաքրում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերլուծելով՝ սկսել են որոնել կապեր երկու ճամբարներում:

«Ցավն այն էր, որ երկու կողմից էլ եկավ անհաշտ պատասխան: Մենք հետո կոչ կազմեցինք, հրապարակեցինք. սթափության կոչ եղավ, որ երկիրը գնում է բախումների: Ցավոք, մեր այդ կոչը բավարար արձագանք չունեցավ, և այն տխուր կանխատեսումները, որ ես և պարոն Թովմասյանն ունեինք, մեզ չհաջողվեց: Ինքը ճիշտ է ասում՝ մենք շատ չարչարվեցինք, բայց մեզ չհաջողվեց»,- ասաց Պեպանյանը:

Արծրուն Պեպանյանն ասաց, որ, երբ Հրայր Թովմասյանը նախարար է դարձել, նրան մի նամակ է գրել ու խնդրել, որ երկու ամիսը մեկ կարդա. «Ես մինչ այդ եղել էի իշխանության հետ և զգացել, որ պալատը մարդուն աստիճանաբար փոխում է: Մեր իշխանական պալատները դատարկ շենքեր չեն, իրենք հոգեբանություն ունեն, որ խորհրդային հանրապետությունից լցված է այնտեղ, և դու որ մտնում ես, իրենք քեզ ճմլում են, ու ինչ-որ ժամանակ հետո անուն-ազգանունդ է միայն մնում:

Ես Հրայրին խնդրեցի, ասացի՝ երկու ամիսը մեկ կկարդաս այդ նամակը, որպեսզի չսայթաքես ու մեկ էլ մի օր տեսնես, որ դու՝ դու չես: Բացի նամակ ուղարկելը, մենք նաև հաճախ հանդիպում էինք, ու վստահ կարող եմ ասել, որ նա չշեղվեց: Այ, տեսեք, հիմա որոնում-որոնում են, չեն կարողանում գտնել: Իսկ ինքը բացասական ոչինչ չարեց, ընդհակառակը՝ դրական շատ բաներ արեց: Հրայր Թովմասյանն այնպիսի մարդ է, որ հայ ժողովուրդը շահած կլինի, եթե նա շարունակի մնալ ՍԴ նախագահ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս