«Ինքն այն էակն է, որն իր ազատ արձակվելու, ուրիշին ոչնչացնելու համար ունակ է ամեն քայլի». Կարեն Քոչարյան

Օրեր շարունակ հասարակական քննարկումների թեմա է դարձել «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը:

Հիշեցնենք, որ նա դեռևս սեպտեմբերի 11-ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ ցմահ դատապարտյալները 20 տարի անց իրավունք ունեն դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Նրան տեսակցելու էր գնացել Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկում նշել էր, որ «Նաիրին ավելի քան ադեկվատ էր, շատերիցդ ադեկվատ»:

168.am-ի խնդրանքով թեմային անդրադարձավ նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նկատելով, որ ինչ էլ ասի Նաիրի Հունանյանը, երբևիցե ազատության մեջ չի լինի: Քաղտեխնոլոգն այս թեման նմանեցրեց այն մտահոգությունների հետ, ըստ որոնց՝ բոլոր նախագահներին մեղադրում են հող հանձնելու մեջ.

«Չեմ հավատում, որ կա Հայաստանում որևիցե անհատ, առավել ևս՝ քաղաքական և պետական գործիչ, որը կամիկաձե է, որը կարող է հող հանձնել»:

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի «ադեկվատ» ձևակերպմանը՝ նա նշեց. «Ադեկվատ մարդը դեռ 20 տարի առաջ լինելով ավելի երիտասարդ, ու 20 տարի ԿԳԲ-ի պադվալում չմնացած, ադեկվատ չէր, հիմա ադեկվա՞տ է. կներեք, դա ինձ համար ամենևին հիմք չէ:

Նաիրի Հունանյանը գուցե ադեկվատ է, բայց ինքն ինչ ասես՝ կարող է ասել. եթե նա այն ժամանակ գնացել է այդ քայլին, ինքը պատրաստ է յուրաքանչյուր քայլի: Ինքն այն էակն է, որն իր ազատ արձակվելու, ուրիշին ոչնչացնելու համար ունակ է ամեն քայլի»:

Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, Նաիրի Հունանյանին ազատելու հարցը չպիտի զարմացնի. «Եթե այս իշխանություններն ազատություն պարգևեցին պետական կարևորագույն կառույցի վրա հարձակված, երեք պետական ծառայողների սպանած հանցագործներին, ազատություն տվեցին, ինչո՞ւ ոչ՝ կազատեն նաև պետական կառույցը ոչնչացրած, կարևորագույն այրերին ոչնչացրած մարդկանց»:

Վ. Հովհաննիսյանի համար զարմանալի չէ նաև այն, որ հենց Արման Բաբաջանյանն է գնացել տեսակցելու և հայտարարել, որ Ն. Հունանյանն ադեկվատ է. «Ես այստեղ տեսնում եմ քաղաքական-իրավական հետագա դավադրության նուրբ մշակված ծրագրի առաջին քայլերը: Եթե այսօր հայտարարում են, որ ադեկվատ է, ինչ-որ բան նախապատրաստում են»:

Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը կարծում է, որ նման թեմաները հասարակությանն ավելի լուրջ թեմաներից շեղելու միտում ունեն.

«Բոլորիս համար ակնհայտ է, որ ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան այն շոուները, ինչ կազմակերպում են ներկա իշխանությունները, և ինչի համար են դա անում, որովհետև «քայլածների կառավարությունը» չունի ոչ մի ֆունդամենտ, գաղափարական հիմք.  իրենց հարկավոր է իրենց ծրագրերին համահունչ շոուներ անել, որոնցով մենք կշեղվենք»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս