Տղամարդուն սպանած կինը ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել. ոստիկանություն
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ ստացվեց հիվանդանոցից: Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գերցենի փողոցի մի տնակում բնակվող 55-ամյա տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնեցին, որ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական հետախույզներն անցան գործի, ձեռնարկեցին անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ, որոնք արդյունք տվին կես ժամից էլ շուտ: Մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Նժդեհի փողոցից բերման ենթարկվեց մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կին: Նա խոստովանեց, որ տղամարդու տնակում ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքն է խոհանոցային դանակով խփել նրան:
Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը՝ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել։ Կասկածվողը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել է:
Դեպքի հաջորդ օրը՝ լուսադեմին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ գիտակցության չգալով տղամարդը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։