Բաժիններ՝

 «Գրեմմիի» քառակի դափնեկիր Սթենլի Քլարքը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը կանցկացվի «Երևան ջազ ֆեստ»-2019-ը: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի «Երևան ջազ ֆեստի» մեկնարկը:

Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանել նաև նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին:

«Շատ ուրախ ենք՝ այսօր Հայաստանում լինելու համար: Այս համերգաշարի համար նախատեսված ընտրանին, կարծում եմ՝ բավականին մեծ է: Կատարելու ենք այն ամենը, ինչ մենք  սիրում ենք: Դա ներառելու է ավանդական, լատինաամերիկյան  ջազը:  Շատ թույն երաժշտություն, գժոտ գործեր ենք սիրում կատարել, և նմանները մենք ունենալու ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սթենլի Քլարքը:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է հայկական ջազի մասին՝ Սթենլի Քլարքը պատասխանեց.

««Ջազ» բառը դեռ իր սահմանումը, որպես այդպիսին,  հստակորեն չի ստացել: Այդուհանդերձ, այն ընդհանուր հայտարարը, որ գնում է բոլոր ջազային ոճերի տարատեսակների միջով՝ լինի հայկական, աֆրիկյան թե ճապոնական, դա իմպրովիզացիան է, պահի տակ երաժշտություն ստեղծելու կարողությունը: Եվ երաժիշտները, որտեղ էլ որ լինեն՝ անկախ իրենց էթնիկ պատկանելությունից, բնավորություններից և հատկանիշներից, եթե ունեն իմպրովիզ անելու կարողություն, ապա այս ամենը հանդիսանում է ընդհանուր հայտարար՝ միավորել նրանց ջազ սահմանված եզրույթի տակ: Ջազը սկիզբ է առել ԱՄՆ-ում, և մենք շոյված ենք զգում, երբ զանազան ազգություններ կատարում են երաժշտություն և այն անվանում են ամերիկյան ջազ: Ջազը, վերջիվերջո, պատկանում է բոլորին»:

Երաժիշտը խոսեց նաև «Մեցցո» ակումբի,  իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

«Շատ գեղեցիկ ակումբ էր, երաժիշտների կատարումն իսկապես ապշեցուցիչ էր: Զարմանալի երաժիշտներ էին, խիստ տաղանդավոր: Այս տարիների ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպել տարբեր քաղաքական գործիչների, բայց հաճախ չէ, որ կարող ես հանդիպել մի քաղաքական գործչի ու շփվել իբրև ընկեր: Շատ բան չգիտեմ ձեր վարչապետի մասին, բայց եթե չեմ սխալվում՝ լրագրող է. մի քանի խոսք փոխանակելու հնարավորություն ունեցանք, և դա բավարար էր հասկանալու, շատ լավ անձնավորություն է և սիրում, գնահատում  է երաժշտությունը, ինչն անչափ կարևոր է»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս