ԵՄ-ի 27 երկրների դեսպանները կրկին չկարողացան համաձայնեցնել Brexit-ի հետաձգումը. աղբյուր
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգումը: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԵՄ-ի խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:
«ԵՄ-ի դեսպաններն այսօրվա նիստում վերստին չկարողացան որոշում ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգելու վերաբերյալ»,-ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ դեսպանների հաջորդ հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 28-ին:
«Սպասվում է, որ հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 28-ին՝ երկուշաբթի օրը»,-նշել է նա: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան իր հերթին լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Եվրամիության երկրների ղեկավարների հետ դեռեւս կոնսուլտացիաներ է անցկացնում Լոնդոնի խնդրանքի շուրջ, եւ Բրյուսելը «ուշադիր հետեւում է Լոնդոնում տեղի ունեցող իրադարձություններին»: