«30 տոկոս ֆոնդ ունենք, այդքան էլ բարձրացնենք բոլորի աշխատավարձը և պրծնենք այս խոսակցությունից». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախարարների և փոխնախարարների գաղտնի ձևով աշխատավարձերի կրկնակի բարձրացումն իրենք դատապարտել են, քանի որ պարգևավճարների ֆոնդի 30 տոկոսը չի կարող գերազանցել, մինչդեռ իրենք 100%-ով են բարձրացրել։

«Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանից հետո մոտեցա վարչապետին՝ այս հարցի հետ կապված, նա ասաց, որ իրենք առաջորդվել են «Բյուջեի մասին» օրենքով, ապա միասին Ատոմ Ջանուղազյանին ենք մոտեցել, ում ներկայացրել եմ, որ իրենք պետք է առաջնորդվեին «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքով, որը տվյալ ոլորտը կարգավորող օրենքն է։ Ջանջուղազյանն էլ ասել է, որ ինքն իրավաբան չէ, և առաջնորդվել են «Բյուջեի մասին» օրենքով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ինքն իր ֆեյսբուքյան էջում ստացել է մի քանի նամակ քաղծառայողներից, որոնք ցանկացել են անանուն մնալ և պնդել են, որ իրենք չեն ստանում ընդհանրապես պարգևավճար, քանի որ ղեկավարն ամսվա վերջում նրանց անունը հանում է։

«Հիմա երկու բան կա, որ այդ ղեկավարը պնդում է,  որ նրանք վատ աշխատող են, և ինքը լավերին է տալիս, բայց այս մարդն էլ պնդում է, որ տալիս է իր մտերիմներին։ Հիմա այս շահարկումը որ չլինի, մենք ասել ենք՝ 30% ֆոնդ ունենք, այդքան էլ բարձրացնենք բոլորի աշխատավարձը և պրծնենք այս խոսակցությունից»,- ասաց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս