Ո՞ւմ է ձեռնտու Նաիրի Հունանյանի խոսելը՝ ըստ Անդրանիկ Քոչարյանի

Ազգային ժողովում մեկնարկած խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Մարտի 1»-ի գործով  փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իր համար հստակեցվե՞լ է հարցը, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինչո՞ւ է՝ ընդունելով խմբի հրավերը, եկել, բայց սենյակի դռներից ներս չի մտել։

Հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հարությունյանին իրենց հանձնաժողով հրավիրել են երկու անգամ։

«Երկու անգամ էլ նա հրավերն ընդունել է։ Առաջին անգամ նրա օգնականը եկավ, սենյակը նայեց, տեսավ՝ ինչպես է, մենք սպասում էինք, որ Հարությունյանը կգա, սակայն կես ժամ անց իմացանք, որ նա չի գալու։ Ես հասկացա, որ Հայկ Հարությունյանն ունի խնդիր՝ էդպիսի միջավայրում շփվելու և հարցերին պատասխանելու։ Ես հասկացա, որ, եթե նա գար և փակ դռների հետևում մենք շփվեինք, կտար շատ հարցերի պատասխաններ»,- ասաց  Անդրանիկ Քոչարյանը։

«Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ այնուամենայնիվ «Մարտի 1»-ի գործով շատ կարևոր վկան այլևս չկա, և դեռ պետք է պարզել՝ նա ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանվել, ինչը կախված է արդեն  նախաքննական մարմնի պրոֆեսիոնալ աշխատանքից։

«Հիմնական կարևոր վկաները մեկը մյուսի հետևից առեղծվածային մահով հեռացան, հեռացան նաև Հոկտեմբերի 27-ի  վկաները։ Ես երեկվանից տեսնում եմ որոշակի լրատվամիջոցներում  անհանգստություն, թե՝ եթե Նաիրի Հունանյանը խոսի՝ դա ո՞ւմ է ձեռնտու, դա պետությանն է ձեռնտու, սա ձեռնտու է ՀՀ պետականությանը, բայց Նաիրի Հունանյանի խոսացածը դա դեռ վերջին ճշմարտությունը չէ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով Հրանտ Մաթևոսյանի՝ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին» խոսքերը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս