«Յուրայինների լավ ապրելու տենդենց է, և դրա համար այսօր Նիկոլ Փաշինյանը մսխում է և փոշիացնում է ՀՀ պետական բյուջեն». Վոլոդյա Հովհաննիսյան

Օրերս հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով կրկնակի բարձրացել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ, հրապարակախոս Վոլոդյա Հովհաննիսյանը սա որակեց իրավական և բարոյական նորմերի կոպիտ խախտում.

«Նիկոլ Փաշինյանի այդ քայլով հիմնականում բարձրացել են այն սուբյեկտների աշխատավարձը, ովքեր ներկայացնում են «Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Հայտարարվեց, որ սպաների աշխատավարձերը բարձրացվել են, մինչդեռ ավելացել է սպաների միայն հավելավճարը՝ ընդամենը երեք տոկոսով, որը կազմում է 10-15.000 դրամ: Այն ֆոնի վրա, երբ չի բարձրացել ուսուցիչների, քաղծառայողների աշխատավարձերը, բայց բարձրացվում են պարգևավճարները՝ քաղաքական անբարոյականության դրսևորում է»:

Բանախոսը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փոշիացնում է» ՀՀ պետական բյուջեն. «Պարզապես յուրայինների լավ ապրելու տենդենց է, և դրա համար այսօր Նիկոլ Փաշինյանը մսխում է և փոշիացնում է ՀՀ պետական բյուջեն, և այն ծառայում է  ոչ թե հայ ազգաբնակչությանը, այլ Փաշինյանի մերձակա շրջապատին»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս