Սաջիդ Ջավիդը կոչ է արել ձերբազատվել «զոմբի-խորհրդարանից»
Մեծ Բրիտանիան պետք է անցկացնի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի ձերբազատվի ներկայիս «զոմբի-խորհրդարանից»: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը Sky News հեռուստաալիքի եթերում։
«Եթե մենք ընտրություններ չանցկացնենք, ապա հարկ կլինի ապրել այս «զոմբի-խորհրդարանի» հետ, ոչ մի բան տեղի չի ունենա, երկիրը ետ կգլորվի, իսկ հանգուցային որոշումները, որոնք պետք է ընդունվեն երկրի համար, հավանության չեն արժանանա»,-ասել է նա:
Ջավիդը վստահ է, որ երկրի համար լավագույն ելքը կլինի ընտրությունների անցկացումը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն իրականացնելուց հետո:
Ավելի վաղ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն Միացյալ Թագավորությանը Brexit-ի եռամսյա հետաձգում տրամադրի, ապա նախարարների կաբինետն անմիջապես կխնդրի Համայնքների պալատին քվեարկել դեկտեմբերի 12-ին խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: