«Արման Բաբաջանյանի հանդիպումը Նաիրի Հունանյանի հետ կարևոր է…». Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար իր գործընկեր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ կարևոր է հատկապես այն համատեքստում, որ 20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը կրակահերթերով շրջած անձնավորությունն ունի իրավական հնարավորություն դիմելու՝ վաղաժամ ազատ արձակվելու, իսկ պետությունն էլ ունի ընթացակարգ այդ ցանկությունն իրավական ճանապարհով իրացնելու։
Այս մասին այսօր Ազգային ժողովում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին նաև ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հրաժարականի մասին։
Ի պատասխան՝ «իմքայլական» պատգամավորն ափսոսանք հայտնեց հրաժարականի կապակցությամբ՝ նշելով, որ պետությունը կադրի կորուստ ունեցով, սակայն նշեց՝ նա իրավունք չուներ քաղաքական հայտարարություն անելու։
«Հովհաննես Քոչարյանը մեր հանձնաժողովի հետ շատ էֆեկտիվ է աշխատել իր գիտելիքներով։ Ես ափսոսում եմ, սա կադրային կորուստ է պետության համար, բայց նման բարձր պաշտոն կրող ոստիկանը պետք է լրագրողների հետ մի քիչ զգույշ լինի. լրագրողները կարող են ցանկացած հարց տալ, և նա՝ նման բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկանը, պետք է պատրաստ լիներ, որ չընկներ քաղաքական որևէ շահարկման մեջ»,- ասաց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ինչո՞վ է բացատրում մամուլում առկա այն հրապարակումները, որ իրենց խմբակցությունը դժգոհ է Ապրիլյան պատերազմի Քննիչ հանձնաժողովի աշխատանքի տեմպերից։
Քոչարյանը պատասխանեց, որ իր համար այդ լուրերը ծիծաղելի են դառնում՝ հատկապես, որ այդ լուրերը հնչեցին այն ժամանակ, երբ ինքն ասաց, որ այդ հանձնաժողով է հրավիրվելու նաև Սերժ Սարգսյանը։
«Հիմա էլ հարց են հնչեցնում, թե իրավական ո՞ր ճանապարհով նա կարող է չգալ, ես էլ ասում եմ՝ չի գա՝ իր պրոբլեմն է, որովհետև կասկածների մի հսկա կծիկ ամեն չեկողը կվերցնի իր վրա»,- ասաց Քոչարյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ