Չինաստանն առայժմ տվյալներ չունի Մեծ Բրիտանիայում բեռնատարում մահացած 39 անձանց մասին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«Բրիտանական ոստիկանությունը շարունակում է աշխատանքը՝ պարզելու զոհվածների ինքնությունը, սակայն այս պահին դեռեւս հնարավորություն չկա հաստատելու արդյունքները»,-նշել է նա բրիֆինգում: Դիվանագետի խոսքով՝ Պեկինը խնդրել է Բրիտանիայի իշխանություններին՝ Չինաստանին օպերատիվ տվյալներ տրամադրել, հենց որ հետաքննությունը պարզի իրական փաստերը: Հոկտեմբերի 24-ին ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել է, որ բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոսությունում բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը:
ԶԼՄ-ները 38 մեծահասակների եւ մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին: Ավելի վաղ Էսեքսի կոմսության ոստիկանությունում հայտնել են, որ բեռնատարի կցասայլը երկիր է ժամանել բելգիական Զեբրյուգե նավահանգստից: Քննիչների տվյալներով՝ բուն բեռնատարը ժամանել է Դուբլինից: Դրա վարորդը՝ Հյուիսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչը, ձերբակալված է սպանության կասկածանքով, սակայն, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հենց նա է ոստիկանություն կանչել՝ բեռնատարի ներսում հայտնաբերելով դիակները: Ոստիկանությունն ուսումնասիրում է երիտասարդի հնարավոր մեղսակցությունը Եվրոպա անօրինական միգրանտների փոխադրման գործում մասնագիտացող խմբավորների գործունեությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: