Բաժիններ՝

ԵՄ-ն կոչ է արել Բոլիվիայում անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Եվրամիության երկրները կոչ են արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել Բոլիվիայում: Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 24-ի երեկոյան հրապարակվել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կայքում։

«Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ներքին առաքելության հաշվետվությունն ընտրական գործընթացի զգալի թերություններ է բացահայտել Բոլիվիայում «…» Եվրոպական միությունը ԱՊԿ-ի հետ լիովին համամիտ է այն բանում, որ Բոլիվիայի իշխանությունները պետք է ճշտեն ձայների հաշվման ընթացիկ գործընթացը, եւ որ լավագույն տարբերակը քվեարկության երկրորդ փուլի անցկացումն է, որպեսզի վերականգնվի վստահությունը եւ ապահովվի Բոլիվիայի ժողովրդի դեմոկրատական ընտրության լիակատար հարգումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Մինչդեռ ձայների 99,81 տոկոսի հաշվումից հետո ստացված տվյալների համաձայն՝ Բոլիվիայիում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տանում երկրի գործող նախագահ Էվո Մորալսը: Նա հավաքում է ձայների 47,06 տոկոսը, իսկ նրա մոտակա մրցակից Կառլոս Մեսան՝ 36,52 տոկոսը: Ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ Մորալեսի առավելությունը կազմում է ավելի քան 10 տոկոսային կետ, ինչը երաշխավորում է նրա հաղթանակն ընտրությունների արդեն առաջին փուլում:

Բոլիվիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Ընտրությունների առաջին նախնական արդյունքները հրապարակվել էին ընտրական տեղամասերի փակումից չորս ժամ անց: Դրանից հետո Մեսան հայտարարել է, որ կայացած քվեարկության արդյունքներն իրեն թույլ են տալիս անցնել երկրորդ փուլ:Մորալեսն իր հերթին ասել է, թե այն պահին դեռեւս չհաշվված գյուղական շրջանների բնակիչների ձայները երաշխավորում են իր հաղթանակն արդեն առաջին փուլում:

Երկրում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը կամ 40 տոկոսը պայմանով, որ նրա մոտակա մրցակցի նկատմամբ առավելությունը կազմում է առնվազն 10 տոկոս:
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հայտարարումից հետո երկրում բողոքներ են սկսվել: Հոկտեմբերի 23-ին Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Բոլիվիայում եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս