Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է հանձնել սիրիացի քրդերի հրամանատարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հանձնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴԿ) քրդա-արաբական դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին։
«Քոբանին հետախուզվում է Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ»: ԱՄՆ-ը պարտավոր է նրան հանձնել Թուրքիային»,- Էրդողանի խոսքը մեջբերում են թուրքական ԶԼՄ-ները:
Նա քննադատության է ենթարկել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի այն ղեկավարներին ու քաղաքական գործիչներին, որոնք հանդիպել են ՍԴԿ-ի ներայացուցիչների հետ: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները լավ են, իսկ իրենց զրույցները՝ «անկեղծ»:
Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ Անկարան «դիտորդական ու հսկիչ գործառույթներ կիրականացնի Մանբիջի շրջանում»:
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին պաշտոնական այց կկատարի Վաշինգտոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: