
Դավիթ Տոնոյանը մեկնել է Բրյուսել

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: