«Դա դաժան, բայց մարդասիրական և ուսուցողական գործընթաց է լինելու»
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ անգամ ասել եմ ևս կրկնեմ, երբ բոլորս փորձում ենք վերլուծության ենթարկել կամ մասնագիտական բնորոշումներ տալ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական գործընթացներին և զարգացումներին` սովորաբար առաջնորդվում ենք ռացիոնալ և մասնագիտական ելման կետերից: Արդյունքում ունենում ենք դրանց հետ խորը հակասության մեջ մտած իրողություններ և դեֆորմացված պատկեր կամ անալիզի արդյունք: Իսկ, եթե Ձեր անալիզը ստացվել է`շնորհավորում եմ, Դուք այսօրվա քաղաքական, իրավական համակարգի համար իռացիոնալ տարր եք: Իսկ, եթե զգում եք, որ համակարգը Ձեզ սկսել է ընկալել, որպես օտար մարմին և դուրս է մղում իր միջից, ուրեմն կրկին շնորհավորում եմ, քանի որ «անզգուշություն» եք ունեցել ցուցաբերելու ռացիոնալիզմի նշույլներ և այլևս նախկինը չեք, օտարացել եք, այլ կերպ ասած «սևացել»:
Պարադոքս է, բայց համոզվում եմ, որ մեր երկրի լավագույն իրավա-քաղաքական, տնտեսա-քաղաքական, սոցիալ-քաղաքական և առհասարակ մասնագիտական և ինտելեկտուալ միտքը` արտահամակարգային է և վաղ թե ուշ ստեղծելու է իր «ալտերհամակագը»:
Այդ ժամանակ ես այդ «ալտերհամակարգի» ձեռքն ընկածներին չեմ նախանձելու))): Դա դաժան, բայց մարդասիրական և ուսուցողական գործընթաց է լինելու: Մոտավորապես այնպես, ինչպես ծույլ և սովորել չսիրող և վատ դաստիարակված երեխային ստիպում և օգնում են դաս անել և չեն նահանջում մինչև չանի:
Դուք կասեք`մեր քանակը քիչ է և ես կհամաձայնվեմ, բայց, ե՞րբ և որտե՞ղ է որակյալից և արժեքավորից շատ քանակով և մասսայական եղել: Խնդիրը մասսայականի վրա որակյալի ազդեցության ազնիվ ֆորմուլայի մեջ է:
Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու՝ ոչ ոք: Բայց այն, որ հետաքրքիր է լինելու` երաշխավորված է: Այս համակարգի գեղեցիկ շիրման վերածվում է ցնցոտու, որին կարկատանները չեն օգնում: Սկսվել է համակարգի օրգանական խոտանների փուլը, որոնք խորանալու միտումներ ունեն և «ալտերհամակարգի» ֆունդամենտի համար անսպառ շինանյութ են լինելու:
Հ.Գ. Ի դեպ, շտապել պետք չէ: «Թողեք թող աշխատեն»-ի մեջ մեծ մարգարեություն կա»: