Լիբանանի նախագահը բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ պատրաստ էհանդիպել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
«Կառուցողական երկխոսությունը երկիրը փրկելու լավագույն ուղին է»,-ընդգծել է նա ժողովրդին հղված հեռուստաուղերձում, որը հեռարձակել է Al Mayadeen հեռուստաալիքը:
«Ես պատրաստ եմ հանդիպել բողոքողների հետ եւ լսել նրանց պահանջները, ինչպես նաեւ հայտնել իմ դիրքորոշումը»,-նշել է նա: Աունի ուղերձը նրա առաջին հրապարակային ելույթն է դարձել Բեյրութում եւ երկրի այլ քաղաքներում մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո:
Աունը հոկտեմբերի 21-ին կառավարության կողմից հավանության արժանացած արտակարգ հակաճգնաժամային միջոցների ծրագիրը համարել է «Լիբանանի փրկության եւ նրան տնտեսական ու ֆինանսական կոլապսից հեռացնելու առաջին քայլը»: Նախագահը հիշեցրել է, որ իր նախաձեռնությամբ այժմ օրենք է մշակվում անօրինականորեն գրանցված պետական միջոցների վերադարձման մասին: «Կառավարական ֆոնդերի կողոպտմանը մեղսակից բոլոր պաշտոնյաները դատի են տրվելու»,-խոստացել է նա:
Ավելի վաղ Բաաբդի նախագահական պալատի աղբյուրը Daily Star թերթին հայտնել է կառավարության կազմում վերադասավորումների անցկացման հնարավորության մասին:
Լիբանանի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներն ավելի վաղ խորհրդակցություն են անցկացրել Բկերկում: Համատեղ ուղերձում քրիստոնեական համայնքների հոգեւոր ղեեկավարները նշել են, որ «դժվարին կենսապայմաններն են մարդկանց մղել փողոցային բողոքների»: «Ժողովրդական ելույթն արտասովոր բնույթ է կրում եւ ընդգրկում է կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին,-ասված է փաստաթղթում:-Դա իշխանություններից պահանջում է պատմական դիրք բռնել եւ արտակարգ միջոցներ ձեռնարկել»:
Բեյրութում եւ այլ քաղաքներում ցուցարարների կողմից արգելափակված ավտոմայրուղիներն ու ճանապարհներն ապաշրջափակելու լիբանանյան բանակի փորձերն առայժմ սահանափակ հաջողություն են ունեցել: Մի շարք վայրերում զինծառայողներն ստիպված են եղել ուժի կիրառել, ձեռնամարտեր են տեղի ունեցել Բեյրութի արվարձանի Ջալ Էդ Դիբ շրջանում եւ Սայդայում: Բանակի հրամանատարությունը դիմել է ակտիվիստներին՝ կոչ անելով հրաժարվել սաբոտաժի ակցիաներից, որոնք կաթվածահար են անում տնտեսական կյանքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: