Մարդաորս՝ ըստ Փաշինյանի

Բոլոր ժամանակներում գործում են այն խաղի կանոնները, որը թելադրում է տվյալ ժամանակահատվածի իշխանությունը, սակայն, երբ արդարադատությունը ևս  չափվում է՝ ըստ իշխանության քիմքի, ապա երկրում միանգամից սկսում է տիրել քաոս ու բախումային իրավիճակ։ Դա պայմանավորված է նրանով, որ օրվա իշխանությունը՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար, փորձում է հանրության մեջ փնտրել մեղավորներ և իր բոլոր ձախողումները կապել այս կամ այն արհեստական երևույթի հետ։

Այսօր այդ ամենը բոլորիս աչքի առջև տեղի է ունենում Հայաստանում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ միջնադարյան դոժի կեցվածքով, փորձում է բոլորին ապացուցել, որ ինքն է այն միակն ու անկրկնելին, ով «հայ իրականության մեջ կփորձի բարձրացնել մարդու արժանապատվությունը», սակայն հենց նա է միակը, ով բացահայտ՝ օրը ցերեկով, զբաղված է մարդաորսով։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի,  որոշեց կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Ըստ էության Արսեն Բաբայանը վերջին շրջանում իսկական պատուհաս էր դարձել ԱԺ աշխատակազմի համար, քանի որ նրանց ցանկացած գործողության տալիս էր մասնագիտական գնահատական՝ ապացուցելով, որ դրանք կամ հակաօրինական են, կամ ուղղակի չեն համապատասխանում ԱԺ կանոնակարգ-օրենքին։

Բաբայանը նաև հստակ բացահայտում էր ԱԺ պաշտոնյաների կողմից կատարվող կեղծիքները, բացթողումներն ու թերացումները, ինչպես նաև կատարվող  ակնհայտ ապօրինությունները, ուստի իշխանությունները, նրան չեզոքացնելով, փակում էին նաև այդ թեման, քանի որ նրա կողմից ներկայացված հստակ հիմնավորումների դեմ ԱԺ աշխատակազմը ոչ մի հակաքայլ չէր կարողանում իրականացնել։

Սրա հետ մեկտեղ՝ եթե հաշվի առնենք, որ առկա է նաև ՀՀ իշխանությունների համար անկյունաքարային նշանակություն ունեցող ՍԴ հարցը, որին ամեն կերպ փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով արագ լուծում տալ, Բաբայանի վերոնշյալ թեմաներին գումարվեց նաև նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին, իբր թե օրենքի խախտմամբ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի թեման, որն իր բնույթով բացահայտ «կարած» գործ է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Թեման ավելի պրիմիտիվացավ, երբ հայտնի դարձավ, որ այս գործով նախ՝ որպես վկա, հետո նաև՝ որպես կասկածյալ, անցնում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ում, ի դեպ, ՀՔԾ էին կանչել՝ ստիպելով թողնել լյարդի փոխպատվաստման բացառիկ ու խիստ պատասխանատու վիրահատությունը։

Այսօր Հայաստանում Փաշինյանի կողմից ողջ դատաիրավական համակարգը հասցվել է այն վիճակի, որ ոչ մի դատարան այլևս հաշվի չի նստում ոչ մի փաստարկի և օրենքի հետ, գլխավորը՝ միայն «ամենայն հայոց վարչապետի» իղձերն իրականանան, և բոլորը գոհ ու երջանիկ լինեն, ոչինչ, որ դրանից տուժում է մարդու անմեղության կանխավարկածն ու երկրում բացահայտ տիրում ընտրովի արդարադատություն։

Թերևս, հասել ենք այնպիսի մի ծիծաղելի իրավիճակի, որ պետության ներսում կարիք չկա նաև, որ մեղադրյալները խոսեն, ինչ-որ փաստարկներ ներկայացնեն, բողոքարկեն, և այլն: Սուսուփուս կնստեն, առաջին ատյանում ամեն ինչ կվերջանա` ոչ աղմուկ, ոչ աղաղակ: Օրվա իշխանությունների համար սրբության սրբոցը միայն Փաշինյանն է ու նրա միապետական նկրտումները:

Պարզ է մի բան, որ իշխանության նման անհեռատես ու նաիվ քայլերն առաջիկայում պատուհաս են դառնալու նույն իշխանության գլխին, քանի որ Փաշինյանի սրած բիզն ունի երկու կողմ։ Փաստն այն է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ակնհայտ քաղաքական նկատառումներով, և այստեղ հատկանշականն այն է, որ այս առիթով իշխանական սեգմենտը լուռ է։ Ընդհանրապես վերջին 1.5 տարվա ընթացքում ականատես ենք եղել տասնյակ ձերբակալությունների, որոնք այս կամ այն կերպ ունեցել են քաղաքական ենթատեքստեր, սակայն այդ ձերբակալություններից հետո իշխանության «գվարդիան» դիմում էր տոտալ գրոհի և սկսում քարկոծել մեղադրյալին՝ տարբեր տիպի ամպագոռգոռ մեկնաբանություններ հնչեցնելով։ Օրինակ, նշվում էր, թե ինչ լուրջ կոռուպցիոն սխեմաների մեջ է եղել տվյալ անհատը, կամ խոսվում էր նրա կրիմինալ անցյալի կամ միլիոնավոր կուտակումների մասին, սակայն Բաբայանի դեպքում իշխանական պրոպագանդիստները մի տեսակ լուռ են, դա իր հերթին՝ ևս մեկ անգամ փաստում է, որ Բաբայանի կալանավորման գործում ոչ մի իրավական լուրջ հիմքեր չկան, և ամեն ինչ կատարվում է ապօրինի կերպով։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս