«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները վերակազմակերպվեցին
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին` ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն:
Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում:
Սահմանվել է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտերին համապատասխան:
Ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելուց հետո ընկերության կողմից որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը, կդադարեցվի չհիմնավորված, արդյունք չապահովող գործառույթների իրականացումը, որպես հիմնական գործառույթներ կիրականացվեն ստանդարտների մշակման, չափման միջոցի տեսակի հաստատման, ստուգաչափման (հետագայում նաև տրամաչափարկման) աշխատանքներ։