ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները կքննարկեն գործակցությունը թվային զարգացման ոլորտում
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք նիստում կքննարկեն համագործակցությունը հասարակության թվային զարգացման բնագավառում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Նիստում կընդունվեն մի ամբողջ շարք որոշումներ, դրա օրակարգում, եթե չեմ սխալվում, 13 հարց է: Վաղը քննարկվելիք առավել կարեւոր հարցերն են՝ հասարակության թվային զարգացման բնագավառում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգը եւ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, ԱՊՀ-ի տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը»,-ասել է Զատուլինը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությունում կայացած «ԵԱՏՄ. փոխգործակցության հեռանկարային ուղղությունները» տեսակամրջի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: