Բաժիններ՝

Արագաչափի փոխարեն՝ վերգետնյա անցում. Գետափ գյուղի բնակիչների խնդիրը լուծվել է

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցում էին նաև ուսուցիչներ ու դպրոցականներ:

Նրանք ցանկանում էին, որպեսզի այդ ճանապարհահատվածում կրկին արագաչափ տեղադրվի, որպեսզի խուսափեն ավտովթարներից, որոնք հաճախ մահվան ելքով են ավարտվել:

«Ժողովրդի ուզածը մեծ բան չէ, պարզապես ցանկանում են, որ արագաչափը բերեն ու դնեն իր հին տեղը: Նախկինում 3 դժբախտ պատահար է եղել այդ հատվածում, արագաչափ տեղադրելուց հետո ամեն ինչ կարգավորվել է, սակայն 2018թ. մայիս-հունիս ամիսներին արագաչափը հանել են ու, քանի որ վտանգավոր հատված է, մարդիկ ամեն վայրկյան վատ լուրի են սպասում: Անգամ բնակիչները քննարկում էին երեխաներին դպրոց չուղարկելու հարցը: Հասկանո՞ւմ եք, սա այնքան կարևոր է, որ մարդիկ ոտքի են կանգնել ու պահանջում են, որ կրկին արագաչափ տեղադրվի, այնինչ ուրիշ տեղերում կռիվ են անում, որ հանեն: Դպրոցն այդ հատվածից 80 մետր հեռավորության վրա է գտնվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:

Հարցի լուծման վերաբերյալ ուրիշ, բայց կարևոր պատասխան են տվել:

«Ճանապարհաշինարարության 2020 թվականի բյուջեում նախատեսել են վերգետնյա անցում: Մի խնդիր էլ կար, որի մասին չէինք բարձրաձայնել, բայց այն էլ լուծում ստացավ. դրանից ներքև մի հատված կար, որ սելավների ժամանակ փլվածք էր լինում, մոտենում էր ճանապարհին, հիմա դա էլ չկա, 2020 թվականի բյուջեով այդ խնդիրն էլ է լուծվում: Այս որոշումներից բնակիչները շատ գոհ են»,- մեզ հետ զրույցում ասաց Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս