ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության մրցույթի մասնակցության շրջանակն ընդլայնվում է
Կառավարությունը փոփոխություն կատարեց ՊՈԱԿ-ների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» որոշման մեջ:
Ըստ հիմնավորման, որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հնարավոր լինի ընդլայնել մրցույթին ցանկություն հայտնած անձանց շրջանակը և հնարավորություն ընձեռնել հանրային ծառայության և համապատասխան բնագավառի ստաժ ունեցող անձանց մասնակցությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթին:
Համապատասխան որոշման հավելվածի համաձայն՝ բաց մրցույթ հայտարարելու նպատակով անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որով «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժը կփոխարինվի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժով, կամ համապատասխան բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժով»:
Այս որոշումն ընդունելու արդյունքում ակնկալվում է ընդլայնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի մասնակցության շրջանակը: