Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 23-ին Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել այս տարվա օգոստոսի 16-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող երևանցի 25-ամյա մի երիտասարդի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մասիսի համայնքային ոստիկանները Լոռու մարզի Արևածագ գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի տղամարդու, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 02.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 34-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի մայիսի 16-ից հետախուզվում էր Վրաստանի իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: