«Էն կոպեկ փախցնոցիների հնարավոր վտանգները պետք է խստորեն վերահսկենք ու կառավարենք». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող տուն ինտերնատների և գիշերօթիկ դպրոցների փակման խնդրին։
«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում՝ կապված նրա հետ, որ մենք տարեցների խնամքի տուն կամ գիշերօթիկ դպրոցներ ենք փակում, դրա համար մենք պետք է շատ հստակ արձանագրենք, որ մենք անում ենք հետևյալը. այդ հաստատությունների ծառայությունները մրցույթով արտապատվիրակելու փորձ ենք անում բարեգործական կազմակերպություններին կամ մասնավոր կազմակերպություններին։
Պետությունն այդ ֆինանսավորումը տալիս հայտարարում է մրցույթ, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը մատուցում է ծառայություններ և մենք հնարավորություն ենք տալիս, որ շահառուն հնարավորություն ունենա ընտրել, թե որ հաստատությունում է ցանկանում ինքն ապրել և նրա ցանկության հետևից էլ այդ ֆինանսավորումը կգնա հենց այս կազմակերպությանը»,- մանրամասնեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը փորձում է համանման ձևով լուծել նաև գիշերօթիկ դպրոցներում, քանի որ արձանագրել են, որ կան գիշերօթիկ դպրոցներ, որտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա։
«Մեր խնդիրը չէ աշխատատեղ ստեղծել, որ մարդիկ գնան, աշխատեն, ենթադրենք, մի 200 հաստիք էլ ավելացրեցինք այնտեղ, բայց մեր խնդիրը երեխան է, երեխան է այստեղ շահառուն և այն ֆինանսական միջոցները, որոնք մենք դնում ենք, ետ գնան երեխայի հետևից, մտնեն երեխայի ընտանիք և երեխայի կյանքը դարձնի լիարժեք»,- ասաց վարչապետը։
Վարչապետ Փաշինյանը նաև հավելեց, որ շատ կարևոր է, որպեսզի Կառավարությունը խնդիրներին կարողանա տալ համակարգային լուծումներ, փաթեթով լուծվեն բոլոր խնդիրները՝ սահմանելով նաև այդ ամենի համար շատ խիստ վերահսկողություն։
«Էդ կոպեկ փախցնոցիների հնարավոր վտանգները պետք է խստորեն վերահսկենք ու կառավարենք»,- ասաց Փաշինյանը։