Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում հոկտեմբերի 23-ին անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։ Քննարկվել են համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։
Նախարար Պապիկյանն իր ողջույնի խոսքում նկատել է, որ այս և հանրապետության մյուս մարզխորհրդի նիստերին ՏԿԵ նախարարության ներկայացվածությունը մարզային և համայքնային խնդիրները, որոնք առավելապես համապետական բնույթ ունեն, վեր հանելու և լուծումներ գտնելու նոր աշխատանքային մշակույթի ձևավորման հիմք է հանդիսանում։
«Կարևոր եմ համարում անձամբ ձեզանից լսել համայնքներում կուտակված և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ ՀՀ կառավարությունը այս մեկուկես տարվա ընթացքում համայնքապետերի համար ստեղծել է քաղաքական և վարչական անհրաժեշտ բոլոր նախադրյալները նոր փոփոխությունների համատեքստում իրենց դրսևորելու և բարձր պատասխանատվությամբ սեփական հայրենիքի շենացման գործին նվիրվելու համար»,-ասել է նախարարը։ Ըստ նախարար Պապիկյանի իշխանության՝ երկրի և համայնքների զարգացման տեսլականը հանգում է իրավական պետության հիմնարար այն սկզբունքին, համաձայն որի, անկախ կուսակցական պատկանելիությունից, ժողովրդից ստացված իրավունքն ու մանդատը անհրաժեշտ է պատասխանատու կերպով օգտագործել ի բարօրություն հենց այդ ժողովրդի և համայքի զարգացման համար:
«Որևէ համայնք, համայնքապետ չի կարող ասել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել նոր փոփոխությունների համատեքստում ինքնադրսևորվելու։ Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար»,-շեշտել է Սուրեն Պապիկյանը:
Խոսելով ապագային միտված ծրագերի մասին Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքապետերի առջև խնդիր է դրված ունենալ համայնքի զարգացման տեսլական և ներկայացնել այն՝ ելնելով համայնքի բնակլիմայական պայմաններից, հնարավորություններից և եկամուտներից։
Նախարարն անհրաժեշտ է համարել որակական փոփոխություն մտցնել սեփական պատկերացումներում ու գործողություններում՝ միաժամանակ առաջնորդվելով պետության համար կարևորագույն նախաձեռնություններում փոխադարձ վստահությամբ։ «Այժմ յուրաքանչյուրդ ձեր համայնքը զարգացնելու իրական հնարավորություններ ունեք, բայց հաջողելու է այն համայնքապետը, ով որակական փոփոխություն կմտցնի համայնքային ծառայության իր համակարագում և առաջնահերթություն կտա երիտասարդ որակյալ կադրերին, ովքեր պատրսատ են մասնակցել սեփական համայնքի զարգացմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով Վանաձորում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ համայնքի համար այսօր ստեղծվում են տնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման լայն հնարավորություններ, որոնց իր գործուն աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությունը։ «Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հանրապետության 3-րդ քաղաքը՝ Վանաձորը, կրկին վերագտնելու է իր երբեմնի հմայքը և զբոսաշրջիկների համար դառնալու է ցանկալի վայր»,- շեշտել է նախարարը։
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարների և մարզպետարանների պատասխանատուների հետ քննարկվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր, որոնք վերաբերել են տարաբնույթ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին, հողերի արդյունավետ կառավարմանը և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացմանը։