«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կոչ չի անում շրջափակել Սահմանադրական դատարանն ու հարցը լուծել այնպես, ինչպես Ազգային ժողովի դեպքում». Ռոբերտ Հայրապետյան

«Այս թեմայի շրջանակում իշխանության յուրացումը բավականին չարչրկված թեմա է, բայց բացատրություն, թե առհասարակ քրեաիրավական տեսանկյունից ինչ է իշխանության յուրացումը, դեռևս չի հնչեցվում: Մի պարզ բան պետք է հասկանանք. իշխանության յուրացումը քրեաիրավական տեսանկյունից ենթադրում է հետևյալը.  երբ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանությունում ունես լեգիտիմ ընտրված և պաշտոն զբաղեցնող անձ, և փորձ է արվում նրան մեկուսացնել իր սահմանադրական լիազորությունների կատարումից»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Դիտարկմանը, թե իշխանություններն ասում են, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ ընտրված ՍԴ նախագահ չէ, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) սկզբնական շրջանի հաղորդագրություններում Հրայր Թովմասյանի լեգիտիմության խնդիրը չի դիտարկվել:

«Երբ արդեն սկսեց քննարկվել առհասարակ իշխանության յուրացման էությունը, միանգամից փոխվեց տակտիկան: Նախ՝ սկզբից քննարկման առարկա դարձավ, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է ոչ լեգիտիմ ճանապարհով, որովհետև նա ունի պաշտոնի անհամատեղելիություն: Խոսքն Արման Բաբաջանյանի հաղորդման մասին է: Մի մտահոգություն կա, որ քրեական գործը հարուցվեց անմիջապես հաջորդ օրը, այն բանից հետո, երբ ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը»,- նկատեց Ռոբերտ Հայրապետյանը:

Վերջինս նկատում է, որ Հրայր Թովմասյանը ոչ իրավաբանորեն, ոչ փաստացի ՍԴ դատավոր ընտրվելուց հետո չէր կարող իրականացնել ԱԺ պատգամավորի մանդատից բխող որևէ լիազորություն, որովհետև երբ նա ընտրվել է ՍԴ դատավոր, ԱԺ-ն համապատասխան արձանագրությամբ դադարեցրել է նրա լիազորությունները: Ավելին, դրանից հետո գոյություն ունի ԿԸՀ որոշում, որով ոչ միայն դադարեցվում է Հրայր Թովմասյանի՝ որպես ԱԺ պատգամավորի լիազորությունները, այլև նրա մանդատը տրամադրվում է համամասնական ցուցակում նրան հաջորդող մեկ այլ պատգամավորի՝ Տաճատ Վարդապետյանին:

«Երբ այս վարկածն անհնար դարձավ, քանի դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը չէր խոսել, մենք լսեցինք, որ նրան պարտադրվել է հրաժարական ներկայացնել: Ու անմիջապես ձերբակալվեց Արսեն Բաբայանը, ով զարմանալիորեն զբաղեցնում էր ԱԺ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնն այդ ժամանակ, և ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ նա ժամանակավորապես համատեղությամբ կատարում է նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարտականությունները»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Իրավաբանը նկատում է, որ ըստ էության խոսել Հրայր Թովմասյանի՝ իշխանության յուրացման, բայց լռել նույն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործողությունների մասին, երբ ընտրվեց ՍԴ դատավոր ու ինքնահռչակվեց որպես ՍԴ նախագահ՝ այն պարագայում, երբ ունենք լեգիտիմ ընտրված ՍԴ նախագահ, խոսում է ընտրովի արդարադատության մասին:

«Վահե Գրիգորյանի գործողություններն առերևույթ կարող են համակցվել իշխանության յուրացման հոդվածի օբյեկտիվ կողմում թվարկված հատկանիշների հետ: Բայց այստեղ մի պարզ բան էլ կա: 300-րդ հոդվածը խոսում է ՍԴ յուրացման մասին: Արդյո՞ք մեկ անձի դեմ սկսված գործողությունները կարող են դիտարկվել՝ որպես ՍԴ յուրացում, եթե նկատի ունենանք, որ ՍԴ-ն 9 անդամ ունի, իսկ նոր Սահմանադրությամբ վերացել է ՍԴ նախագահի ձայնի առավելությունը, և առհասարակ ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, և այնտեղ որոշումները կայացվում են ձայների բացարձակ հավասարությամբ: Այս պարագայում չեմ հասկանում կոնկրետ Հրայր Թովմասյնաի դեմ սկսված գործողությունը»,- նշեց Ռոբերտ Հայրապետյանը:

Նա հիշեց, որ դեռևս այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՍԴ-ի նկատմամբ կա անվստահություն, և դա պայմանավորում էր նրանով, որ գործող քաղաքական իշխանությունը և ՍԴ-ն փոխկապակցված են: Հիմա այդ հարցը չկա: Ո՞րն է հիմա խնդիրը:

Ինչ վերաբերում է «Դատական օրենսգիրք» բարեփոխումների փաթեթին ու դրանում ներառված ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու դրույթին, որը որակվեց՝ որպես «օրինական կաշառք», Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ սա հենց ՍԴ անդամների հրաժարականի համար է սահմանվել, այլապես թող բոլոր դատարանների դատավորների համար դա կիրառելի լիներ՝ սկսած Վճռաբեկից՝ մինչև Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:

«Եթե մենք իրավաքաղաքական տիրույթում ենք դիտարկում, ինձ համար մի բան է զարմանալի, որ հոկտեմբերի 2-ին վարչապետի կոչով ԱԺ-ն պաշարվեց, և դրա հիմնական շարժառիթն այն էր, որ Արփինե Հովհաննիսյանն օրինագիծ էր ներկայացրել վարչապետի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: Ինչո՞ւ այժմ Նիկոլ Փաշինյանն այդ գործիքակազմին չի դիմում և Հրայր Թովմասյանի դեմ արշավը բացառապես բարոյաճնշման մեթոդներով է առաջ տանում: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության խնդիր ունի»,- տարակուսեց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Գոհար Սավզյան

 

Տեսանյութեր

Լրահոս