
«Էլեկտրոնային հաղորդագրության ոլորտում փոփոխություն այս պահին չկա». Հակոբ Արշակյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։
Նախարարն ի պատասխան նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված փոփոխություն այս պահին չկա. հարցը վերաբերում է զուտ տեխնիկական կանոնակարգին։
«Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տեղեկությունները որոշ ժամանակ պահպանվեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա. դա փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացումն է, որովհետև 2 տարի ինֆորմացիան պահպանելու համար համապատասխան սարքեր պետք է ունենալ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։
Գորգիսյանն ավելացրեց, որ ոլորտային նորարարությունները կարող են հանգեցնել ինտերնետ հասանելիության նվազման, ծառայությունների գների բարձրացման։
«Ամեն ինչ արվում է ոլորտային խնդիրներից խուսափելու համար»,- պատասխանեց նախարարը: