
Զինանշանում շտկումներ իրականացնելու հարցը կքննարկվի փորձագիտական շրջանակների հետ

Զինանշանում շտկումներ իրականացնելու հարցը կքննարկվի փորձագիտական շրջանակների և շահագրգիռ անձանց հետ: Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխան ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը բազմաթիվ հարցումներ է ստացել՝ կապված զինանշանի ապագայի հետ։
«Վարչապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում եմ ես: Խումբը կքննարկի հարցը փորձագիտական շրջանակների և շահագրգիռ անձանց հետ։ Զինանշանի շտկումները կկատարվեն համապատասխան քննարկումներից հետո»,- ընդգծեց նախարարը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն առաջարկում է փոփոխություններ՝ ուղղումներ և շտկումներ կատարել ՀՀ զինանշանի վրա։ Մանուկյանի խոսքով՝ հերալդիկայի տեսանկյունից ՀՀ զինանշանի վրա կան թերություններ, և զինանշանը «ֆալշ է հնչում»։ «Ես հանդիպել եմ մասնագետների հետ, խոստացել եմ բարձրաձայնել այս հարցը և որևիցե կերպ բերել օրակարգ և գտնել ձևերը, թե էս շտկումները և ուղղումները ոնց ենք անելու, որպեսզի դա լինի թեթև, սահուն և երաժշտական լեզվով ասած՝ լեգատո»,- ԱԺ-ում հայտարարել էր պատգամավորը։