Թուրքական հետք՝ Ֆրանսիայի Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի և Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ հարձակումներո՞ւմ

Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր Ֆրանսիայում հրատարակվող ֆրանսալեզու Nouvelles d’Arménie (Հայաստանի նորություններ) ամսագրի գրասենյակի վրա հարձակման մասին։

«Հայաստանի դեսպանությունը Ֆրանսիայում վճռականորեն դատապարտում է հարձակումը Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա։ Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների հանդեպ»,-  ասվում է հայտարարությունում:

Ըստ պարբերականի՝ կիրակի գիշերը կոտրվել էր խմբագրության դուռը, գողացել էին տեսախցիկն ու երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ։

168.am-ի հետ զրույցում ֆրանսահայ հասարակական գործիչ Հրաչ Վարժապետյանն ասաց, որ  իր կարծիքով՝ այս ամենը զուգադիպություն լինել չի կարող:

«Տակավին անձնական կարծիք պիտի հայտնեմ, որովհետև պաշտոնական ոչ մի տվյալ չկա պատկան մարմինների կամ ոստիկանության կողմից: Ըստ այդմ՝ պետք է զգույշ լինել ուղղակի հանցագործներ մատնանշելուց, մյուս կողմից՝ անձնապես կասկած չունեմ, որ զուգադիպություն չէ: Զուգադիպություն չի կարող լինել, և ես անպայման կտեսնեմ թուրքական շրջանակների հետքը: Իմ տեսակետը հիմնված է այն տրամաբանության վրա, որ հայ ժողովուրդը չունի ոչ մի այլ թշնամի, քան թուրքը կամ Թուրքիան:

Երբ Սամուել-Մուրատյան վարժարանը, Nouvelles d’Arménie ամսաթերթը կամ ֆրանսահայ գաղութի տարբեր պատասխանատուների, տարբեր միությունների համակարգիչները և համացանցի էջերը հարձակման թիրախում են հայտնվում, նշանակում է, որ հասարակաց հակառակորդ կամ թշնամի կա, որը չի կարող այլ մեկը լինել, քան Թուրքիան և թուրքը, թուրքական շրջանակները: Այս տրամաբանության վրա է, որ ասում եմ՝ զուգադիպություն չեմ տեսնում եղածի մեջ, հատկապես, երբ Nouvelles d’Arménie ամսաթերթի պարագայում ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր հաղորդագրության մեջ հիշատակել էր Թուրքիան, ինչը վկայում է՝ այնտեղ շատ ավելի հստակ տվյալներ կան»,- ասաց Վարժապետյանը՝ հիշեցնելով, որ Սամուել-Մուրատյան վարժարանի դեպքում սա առաջին հարձակումը չէ. այս տարվա հունվարին ևս մեկ հարձակում է եղել:

«Կրկնում եմ՝ վարժարանի դեպքում տակավին հաստատ բաներ չկան, հնարավոր է՝ պարզապես փողոցային խուլիգանություն է: Իհարկե, ես անձամբ խուլիգանության հարց, զուգադիպություն չեմ տեսնում մեկ օրվա տարբերությամբ: Ի դեպ, Nouvelles d’Arménie ամսաթերթի դեպքում ևս առաջին հարձակումը չէ. նույն բանը տարիներ առաջ է եղել: Ամսաթերթի պատասխանատու Արա Թորանյանի նկատմամբ էլ է նույնն արվել, որը նաև համայնքային պատասխանատուներից է, ինչպես նաև ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հանդեպ:

Տարբեր այլ պատասխանատուների նկատմամբ էլ են նմանօրինակ բաներ արվել: Այս շղթան կարող եմ ընդլայնել՝ անգամ Լոս Անջելեսի հայկական վարժարանների նկատմամբ են հարձակումներ և խուլիգանություններ եղել: Այս բոլորի հետևում թուրքական հետքն եմ տեսնում՝ վերևում նշված տրամաբանությամբ»,- եզրափակեց ֆրանսահայ հասարակական գործիչը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս