
Boeing-ը եռամսյակային շահույթի կրկնակի կրճատում է արձանագրել

2019 թվականի երրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել է երկու անգամ 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելման պատճառով: Այն կազմել է 1,167 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2,05 դոլար՝ մեկ տարի առաջվա 2,363 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 4,07 դոլարի դիմաց, ասված է ընկերության հաշվետվության մեջ։
Ընկերության եռամսյակային հասույթը նվազել է 21 տոկոսով՝ մինչեւ 19,98 մլրդ դոլար:
Մատակարարումները պակասել են մինչեւ 62 մեքենա՝ մեկ տարի առաջվա հուլիս-սեպտեմբերի 190-ի դիմաց:
737 MAX-ի թռիչքներն ամբողջ աշխարհում արգելել են մարտին՝ երկու ավիաաղետներից հետո: Ընկերությունում ակնկալում են, որ այդ օդանավի թռիչքները կթույլատրվեն 2019 թվականի չորրորդ եռամսյակում, եւ այդ մոդելի արտադրությունը հնարավոր կլինի ամսական 42 միավորից 2020 թվականի վերջին հասցնել 57-ի»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: