Ամերիկյան տապալված լսումների հետքերով
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, որը վերաբերում էր ԱՄՆ օրենսդիր մարմնում հայկական գործիչների մասնակցությամբ տապալված լսումներին:
Նա, մասնավորապես, գրել էր. «Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը (Սերժ Սարգսյանի նախկին օգնականը), ում ներկայությամբ Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ին` նշելով, որ առանց այդ երկրի աջակցության՝ Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոաննիսյանի ելույթի հակառուսական հայտարարություններին կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ: Ինչ վերաբերում է պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ապա վերջինս այնքան էր ոգևորվել հեղափոխականի իր կերպարով, որ նիստ վարող կոնգրեսական Վեյսին ստիպված նրան կոչ է արել մի քիչ համազուսպ լինել և կարճ կապել»:
Նշվում էր նաև, որ «Մինչ լսումների մեկնարկը ՎԵՏՕ շարժումը կապ է հաստատել կոմիտեի նախագահ Սենատոր Ուիկերի գրասենյակի հետ: Սենատորին ներկայացրել ենք Խառատյանի և Իոաննիսյանի սորոսական լինելու ապացույցներ` խնդրելով նրան զերծ մնալ հանդիպմանը մասնակցելուց և թույլ չտալ այլ կոնգրեսականներին մասնակցել քննարկմանը: Արդյունքում՝ զեկուցողներն ավելի շատ էին, քան լսողները, իսկ լսումները համարում ենք տապալված»:
168.am-ի աղբյուրները թեմայի շուրջ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեցին:
Ըստ այդ տեղեկությունների՝ լսումների կազմակերպիչներից մեկը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանն է, ով իշխանափոխությունից հետո մի կարճ ընթացք աշխատեց՝ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական, ապա նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում:
Հելսինկյան հանձնաժողովի կազմը, որը նաև անվանում են ԵԱՀԿ հանձնաժողով ու նաև մեր տարածաշրջանով է զբաղվում, բավականին մեծ է: 18 անդամ ունեցող հանձնաժողովի կազմը բավականին խայտաբղետ է. Կան և սենատորներ, և կոնգրեսականներ, հանրապետականներ ու դեմոկրատներ:
Հանձնաժողովի նախագահը, ինչպես նշել էր Նարեկ Մալյանն իր գրառման մեջ, սենատոր Ուիքերն է, ով պետք է մասնակցեր այդ քննարկմանը, բայց, փաստորեն, նրա մասնակցությունը կանխվել է՝ ենթադրաբար նաև Նարեկ Մալյանի ու նրա թիմի ջանքերով:
Արդյունքում՝ ստացվել է այնպես, որ այդ լսումներին մասնակցել է ընդամենը 4 կոնգրեսական, որոնցից երկուսը, ըստ մեր տեղեկությունների, ընդամենը 10 րոպեով են ներկա գտնվել ու արագ հեռացել են: Դահլիճում, ըստ էության, նստած է ընդամենը մեկ կոնգրեսական:
Մեր աղբյուրները նաև նշեցին, որ Նարեկ Մալյանի հրապարակած լուսանկարում հետևի շարքում նստած են ոչ թե՝ կոնգրեսականներ, այլ՝ Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչներ, ներկա են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներից, ինչպես նաև՝ քննարկման խոսնակները՝ Դանիել Իոաննիսյանն ու Արսեն Խառատյանը, և երկու ամերիկյան կողմի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանին վերաբերող հարցերով:
Դահլիճում են նաև հայկական ասամբլեայի ներկայացուցիչներ, ովքեր աջակցել են Վարուժան Ներսիսյանին, որպեսզի վերջինս Արսեն Խառատյանի համար կազմակերպի այս հանդիպումը:
Որպես ամփոփում՝ նշենք, որ, փաստորեն, հանձնաժողովի ամբողջական կազմից ներկա են գտնվել երկու կոնգրեսականներ, սենատոր առհասարակ չի եղել: Հյուրի կարգավիճակով երկու կոնգրեսականների՝ Ջեքի Սփիերին ու Ֆրենկ Փելոունին, ով վերջերս Հայաստան էր ժամանել, հրավիրել էին մեր լոբբիստները, ովքեր ֆինանսավորում են նրանց նախընտրական արշավները:
«Այսինքն՝ չգալու տարբերակ նրանք չեն ունեցել»,- եզրափակեց մեր աղբյուրը:
Գոհար Սավզյան