Բաժիններ՝

Բրիտանիայի կառավարությունը հաստատել Է, որ ընտրություններ կհայտարարի, եթե ԵՄ-ն հետաձգի Brexit-ը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո հաստատել է, որ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարց կդնի, եթե Եվրամիությունը Brexit-ի եռամսյա հեետաձգում տրամադրի երկրին: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում անելով վարչապետի դիավանատան մի աղբյուրի:

Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որում ներառված է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ Էության հավանության է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ Է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո:

Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ Էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դրան ի պատասխան հայտարարել է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարներին առաջարկելու է համաձայնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելուն: Մինչդեռ Ջոնսոնն ինքը կտրականապես դեմ է հետաձգմանը: Իսկ Brexit-ի ամսաթվի հետաձգման խնդրանքը, որի մասին հիշատակել է Տուսկը, նա Բրյուսել Է ուղարկել միայն այն պատճառով, որ դա նրան պարտավորեցնում էր անել ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս