ԱՄՆ-ը «բաց տեղեր» է նշել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններում
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Այս պնդմամբ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Կոնգրեսում հանդես է եկել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Նրա կարծիքով՝ Մոսկվան «լղոզված պարտավորություններ» է ստանձնել: Ջեֆրին պարզաբանել է, թե տեղյակ չէ՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար:
Այդուհանդերձ, նա նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի համաձայնությունը «Թուրքիային հետ կպահի առաջ շարժվելուց»:
Անկարան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո դադարեցրել է ռազմական գործողությունը Սիրիայում: Բանակցությունները, այդ թվում՝ դեմառդեմ, տեւել են ավելի քան վեց ժամ:
Կողմերի ստորագրած փոխըմբռնման հուշագրի կետերից մեկում նշվում է, որ Սիրիայի Թել Աբյադ եւ Ռաս Էլ Այն սահմանամերձ քաղաքների միջեւ կպահպանվի անվտանգության գոտին: Ընդսմին Սիրիայի հյուսիսային տարածքները վերահսկող քրդական կազմավորումները սահմանից հետ կքաշվեն մինչեւ 32 կիլոմետր:
Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից տարածաշրջան կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինծառայողներ, բայց թուրքական գործողության գոտուց դուրս:
Նրանք կօժանդակեն քրդական ուժերի դուրսբերմանը: Ընդհանուր առմամբ քրդերին 150 ժամ է տրվում Սիրիայի խորքը հեռանալու համար, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ի ժամը 18:00-ն: