Արա Զոհրաբյանը չի ընդունում ընտանիքի անդամների «կպնելը». «Ժողովուրդ»
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը այն պաշտոնյաններից է, որը տարիներ շարունակ աշխատանքային տարաձայնություններ է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ու մշտապես տարբեր հարցերի շուրջ բախումներ են եղել իր եւ Թովմասյանի միջեւ: Սակայն, ըստ Արա Զոհրաբյանի, դա թույլ չի տալիս իրեն այլ դիրքորոշում ունենալ այն պրոցեսի վերաբերյալ, որը իշխանությունները սկսել են` նրա լիազորությունները դադարեցնելու հետ կապված:
Ըստ փաստաբանների պալատի նախագահի` ինքը` որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի, անհանգստացած է այս իրավիճակով:
-Պարո՛ն Զոհրաբյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է այն հարցը, թե ինչ հիմքերով հնարավոր կլինի դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: Հայրենի խորհրդարանը, կարգապահական վարույթի հիման վրա, փորձ արեց Հ. Թովմասյանին զրկել իր կարգավիճակից, սակայն ՍԴ-ն անգամ հարցը վարույթ չընդունեց: Ի վերջո, կա՞ իրավական գործընթաց այս ամենում, թե՞ իսկապես քաղաքական հետապնդում է իրականցվում Հ. Թովմասյանի անձի դեմ:
– Ես երեւի որակում չանեմ, բայց իմ հիմնավոր կասկածը փորձեմ ներկայացնել որպես քաղաքացի, որպես փաստաբան: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե այդ գործընթացները լինեին բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ, այսինքն սկզբունքի հիման վրա դա կառուցվեր, ոչ թե, օրինակ, անձի, ով հրաժարվում է հրաժարական տալ, այս դեպքում, բնականաբար, ինձ մոտ հարց չէր առաջանա:
Ինձ մոտ հարցը առաջացել է Հրայր Թովմասյանի հրաժարականից հետո այս գործընթացների հետ կապված, եւ նախկինում է՛լ, հիմա է՛լ նշում եմ, որ Հրայր Թովմասյան պաշտոնատար անձի հետ երեւի ամենաշատը ես եմ խնդիր ունեցել` որպես փաստաբանի պալատի նախագահ, թե՛ որպես նախարար, թե՛ հետագայում այլ պաշտոններում կարգավիճակ ունենալու ժամանակ: Բոլոր դեպքերում այն, ինչ տեղի է ունենում, ինձ անհանգստացնում է` որպես փաստաբան, որպես քաղաքացի:
-Որպես իրավաբան` ի՞նչ եք կարծում, իշխանությունները այս գործընթացում բոլոր իրավական պրոցեսները, որոնք կարող է իրականացնել Հ. Թովմասյանին լիազորությունները դադարեցնելու համար, սպառե՞լ է: Այսինքն` մնում է միայն քաղաքական ճնշումների միջոցո՞վ արդյունքի հասնել:
-Ես կարծում եմ` ոչ, չենք սպառել. եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, բնականաբար դա կլինի իրավական առումով, իսկ հիմքերը նախատեսված են, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված են, ուրիշ այլ հիմքերով չի կարելի, որպեսզի դատավորի լիազորություններից հրաժարվեն: Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ինքներս պահպանենք օրենսդրության պահանջները:
Եթե, օրինակ, հայտարարում են, թե նախկինում այսպես են արել, հիմա էլ են այսպես անում, ապա նախկինի ու ներկայի տարբերությունը պետք է հստակ լինի: Եթե ներկան նույնը պետք է անի, ինչպես նախկինը, ապա ինչի՞ տեղի ունեցավ այս ողջ փոփոխությունը: Ես կարծում եմ, որ այդ առումով իսկապես պետք է հստակություն լինի:
-Դուք համարո՞ւմ եք, որ ՀՀ իշխանությունները անգամ ճնշում են սկսել գործադրել Հրայր Թովմասյանի ընդանիքի անդամների նկատմամբ` հատկապես նրա դուստրերին ու հորը Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելով:
-Ես դուստրերի հետ կապված այդպիսի հիմնավոր կասկած ունեցա, դրա համար ինքս էլ անձնապես հրապարակային ներկայացրեցի իմ դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ պետք չի թույլ տալ, որպեսզի նման մեթոդով որեւէ գործընթաց իրականացվի: Մեր բոլորի աչքի առջեւ կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր նախկինում էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել, եւ իրենց նկատմամբ այդպիսի գործընթաց տեղի չի ունենում: Այդ ընտրողանակությունը պետք է բացատրվի. ինչո՞ւ այս պաշտոնատար անձի նկատմամբ դա անում ենք, իսկ մյուսի նկատմամբ չենք անում:
-ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ իրենց չի հաջողվում կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ նրան հարցաքննության հրավիրելու համար:
-Ի վերջո, Սահմանադրությամբ անձի մերձավոր ազգականները ունեն իմունիտետ վկա հարցաքննվելու, եթե դա վերաբերում է իրենց մերձավոր ազգականներին: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի դուստրերը տեղյակ էին որեւէ բանի մասին, իրենք հանգիստ կարող էին չպատասխանել, այս դեպքում չեմ հասկանում, թե ինչու դուստրերը պետք է ներգրավվեն այդ գործընթացի մեջ: Եթե Հրայր Թովմասյանը հանցագործություն է թույլ տվել, ապա այդ գործընթացը իրականացրեք, ինչո՞ւ եք անցնում ընտանիքի անդամներին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: