«Սա ուղղակի խայտառակություն է». Էդմոն Մարուքյանը՝ նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացման մասին
«Ես նայեցի, որ փաստորեն հավելավճարներ են տվել, որի արդյունքում նախարարի աշխատավարձը դարձել է 1,5 մլն դրամ: Գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավորները գտնվում են 10 սանդղակի տակ, նրանցը 12 է: Որպես պարգևավճար՝ ես էլի դեմ չեմ, որ լավ աշխատող մարդկանց տան պարգևավճարներ, այստեղ ես գաղտնիության պրոցեսի հետ խնդիր ունեմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների և քարտուղարների աշխատավարձը:
Ըստ նրա, խնդիր ունի նաև կապված նրա հետ, որ «Հետք» էլեկտրոնային կայքի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ ընթացակարգը գաղտնի է արվել:
«Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, ապա դա պետք է արվի բաց ու հրապարակային, որովհետև նախարարները հանրային ծառայողներ են, քաղաքական նշանակումներ են, և մեր ամեն ինչը թափանցիկ է»,- շեշտեց նա:
Ըստ նրա, կա երկու ճանապարհ՝ կամ պետք է գան խորհրդարան, սանդղակը փոխեն և գործակիցներն ավելացնեն, կամ պարգևավճարներով վճարեն այդ աշխատավարձերը։ Երկու պարագայում էլ Էդմոն Մարուքյանը կողմ է, բայց չի կարելի դա անել գաղտնի։
«Ինչի՞ վրա եմ ես ապշած, երեկվանից սա շրջանառվում է, կառավարությունից արձագանք չկա։ Ամեն ինչից խոսում են, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում: Խորհրդարանն այս գաղտնի հրամանների հետ կապված անելիքներ ունի։
Չի կարելի թույլ տալ, որ ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվի, եթե խոսքը չի գնում ազգային անվտանգության և պաշտպանական ծախսերի մասին։ Ավելին ձեզ ասեմ, որ երբ ժամանակին Տիգրան Սարգսյանն ուղղաթիռով վոյաժներ էր արել, օրենքը բերեցին և փակեցին, որ չերևար՝ ինչքան գումար է ծախսել, ինչ մեքենաներ են գնում իրենց համար, այդ նախագիծը մենք բերեցինք ԱԺ, սակայն հեղափոխությունից հետո իրենք մերժեցին։ Սրանք ինդիկատորներ են, նայեք՝ ոնց են մարդիկ ժամանակի ընթացքում շատ արագ դեֆորմացվում, սա լուրջ պրոբլեմ է»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան