Պրիմիտիվության ու նաիվության խաչմերուկում
Շատ է խոսվում այն մասին, որ այսօր ՀՀ իշխանությունները ձախողում են բոլոր բնագավառները, սակայն այն, ինչ կատարվում է դատաիրավական ոլորտում, հատկապես՝ Սահմանադրական դատարանում, ցույց է տալիս, թե ինչքան ապիկար են օրվա իշխանությունները։
Մարդկային ուղեղի և ֆանտազիայի հնարավոր բոլոր տարբերակներով Փաշինյանն ու ընկերները փորձում են ասպարեզից հեռացնել Հրայր Թովմասյանին, սակայն, ինչպես ցույց են տալիս անհույս փորձերը, գրեթե բոլոր ասպեկտներով հանդիպում են բետոնե պատնեշի։ Ռացիոնալության իրականությունը կորցրած իշխանությունն անցնում է բոլոր սահմանները, և երեկ ականատես եղանք հերթական ճղճիմ գործելաոճին։
Այս անգամ իշխանության թիրախում հայտնվեց ԱԺ մամուլի նախկին խոսնակ, հետագայում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երեկոյան 21։00-ի հատվածում ՀՔԾ-ն Բաբայանին ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Բաբայանի ձերբակալությունից հետո փաստաբանական հանրության ներկայացուցիչների արձագանքից պարզ դարձավ, որ նրան ներկայացված մեղադրանքը կալանք չի նախատեսում, քանի որ քրեական օրենսգրքի այդ կետերը ենթարկվում են համաներման մասին օրենքին։ Նշանակում է՝ Բաբայանի կալանքն ապօրինի է։ Հավելենք, որ երեկ երեկոյան ժամը 9-ին փաստաբանը բողոքարկել է Բաբայանի ապօրինի ձերբակալման իրավաչափությունը։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե ձերբակալման դեմ բողոքը ներկայացվել է անձի անազատության մեջ գտնվելու ժամանակ` փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, ապա դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում 24 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72-րդ ժամը։ Տեղի ունեցող անհասկանալի ու անմեղսունակ գործելաոճից միանգամից պարզ է դառնում, որ գործող իշխանությունները գտնվում են փակուղու առաջ, և հանրությանը նոր տեսարան մատուցելու մոլուցքով՝ զբաղվում են չբացատրվող ձերբակալություններով։ Սա վկայում է պետական համակարգում առկա վակուումի մասին, որն աստիճանաբար խորանում ու ճահճանում է։
ՀՔԾ-ի կողմից Արսեն Բաբայանի ձերբակալության հիմնավորումների բառակույտը կարդալիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ հայերեն տառերով գրված է ղպտիերեն տեքստ, քանի որ ոչ մի բառ իրականության հետ աղերս չունի։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաբայանի ձերբակալությունը նույնպես ուղղակի ասոցիացվում է Հրայր Թովմասյանի շուրջ օղակի սեղմելու հերթական հանգամանքով։ Հատկանշականն այն է, որ Բաբայանի ձերբակալման հետ կապված՝ դեռևս դատական նիստ չի արվել, սա ևս մեկ անգամ վկայում է, որ կալանքը տրվել է, հետո նոր «համապատասխանեցվել է», կամ, որ նույնն է՝ գործ է կարվում։
Տեղի ունեցող այս գործընթացները վկայում են, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական գործընթացներ են, քանի որ Բաբայանի ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ։ Նման աստիճանի բացահայտ քաղաքական ռեպրեսիաներ Հայաստանում տեղի են ունեցել 90-ականներին, երբ մարդկանց առանց մեղադրանքի ձերբակալում էին։
Ստացվում է այնպես, որ այսօր Հայաստանում իշխանությունը կարող է առանց հստակ մեղադրանքի կալանավորել իրենց անցանկալի սեգմենտին և հետո նոր միայն որոշել, թե ինչ տեսակի մեղադրանք հարուցեն։ Փաշինյանը՝ հասկանալով, որ կորցնում է իր երբեմնի պոպուլյարությունը՝ դիմում է նման ստոր մեթոդների։
Ի դեպ, Բաբայանի ձերբակալությունը մի յուրահատուկ ստվեր ձգեց երեկ տեղի ունեցած ևս մի լուրջ «կիքսի» վրա։ Գրեթե Բաբայանի ձերբակալմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ Փաշինյանի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերը բարձրացվել են՝ հասնելով մոտ 1,5 մլն դրամի։ Չի բացառվում, որ այս երկու տեղեկատվությունը զուգահեռ «բաց թողնելու» նպատակը նախարարների աշխատավարձերի մասին լուրը որոշակի ստվերելու և հնարավորինս շրջանցելու համար է արվել։ Ինչպես սիրում էին ասել Հին Հռոմում՝ կարևորը, որ հանրության համար շատ լինեն հացը և տեսարանները, իսկ թե ինչպես է կառավարվում բուն երկիրը, և ինչ բացթողումներ ու ձախողումներ են գրանցում, դա արդեն էական չէ։
Արմեն Հովասափյան