«Փորձառու չկա, ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ պաշտոն են տվել». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «Ւմ քայլը» խմբակցությունն իրենց հետ միասնական քննարկման չի գնում այս կամ այն հարցի շուրջ։
«Հեղափոխությունից անցել է 1․5 տարի, բայց որևէ ներդրում չկա, ավելին, ներդրումները ոչ թե ավելանում են, այլ պակասում են։ Բոլորը մտածում էին, որ հեղափոխությունը եղավ, առավոտից իրիկուն աշխարհի հայությունը գալու է, գումարները դնելու է, բայց այս բոլորը պետք է հասկանան, թե ներդրման համար ինչ է պետք։ Ոչ միայն պետք է դատարկ խոսքեր ասել, այլ լիարժեք օրենք ու պայման պետք է ընդունի, մարդուն հնարավորություն ու արտոնություն պիտի տրվի, ոչ թե ինչ-ոչ մի ծանոթ դիմի, որ թուղթ է բերում, իրեն հարկերից ազատում են, բայց այսպես տնտեսություն չի կարող զարգանալ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է միջազգային փորձն ուսումնասիրել, ավելին, ներդրողը պետք է իրեն վստահ ու պաշտպանված զգա։
«Պետք է ներդրողն իրեն ուժեղ, պաշտպանված զգա, թե չէ փողատեր մարդը կգնա ուրիշ երկրում ներդրում կանի։ Այսօր 70 տոկոս ներդրում չի կատարվում։ Կրկին ծանոթով, բարեկամով ես անում, որ ուզում ես օրինակ լինի, ինչ-որ շարժ լինի։ Այսօր հարցեր են բարձրացնում, բայց իրենց հարցերն ընդունելի է, բոլորը տաղանդավոր են, իրենք փորձառու են, փորձառու չկա, ոչ մեկն իր կյանքում քարը քարին չի դրել, բայց քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ու պաշտոններ են տվել»,- հայտարարեց նա։
Գագիկ Ծառուկյանը համոզված է՝ իշխանության նման գործելաոճով երկիրն առաջ չի գնա, և այս մոտեցմամբ երկրում տնտեսական հեղափոխություն չի լինի:
«Պետք է իմանալ՝ այդ ոլորտում ով է աշխատել, ով փորձ ունի. պարոն Փաշինյանն այսպես պետք է որոշում կայացնի, պետք է կապ չունենա ծանոթ ու բարեկամ, պետք է կապ չունենա կուսակցական պատկանելություն։ Ցանկացած ոլորտի ղեկավարին նայեք, իրական կյանքում իր ճանապարհն ու կատարած փորձը։ Իրենք կարող են լինել օգնականներ, խորհրդականներ, թող կողքից նայեն ու սովորեն, երբ փորձ ձեռք կբերեն, այն ժամանակ էլ կաշխատեն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ 168. am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան