«Ապրիլյանի հանձնաժողովն ում ասես՝ հրավիրում է, բացի գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանից, որը տվել է ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան». Շարմազանով

«Աբսուրդ է՝ ստեղծել հանձնաժողով մի պատերազմի համար, որտեղ դու հաղթել ես: Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են, և բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,- այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովին:

Ըստ նրա՝ հանձնաժողովի նպատակը ՀՀ երրորդ նախագահի թիրախավորումն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի. «Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգա՞, թե՞ չի գա. բոլորը գիտեն՝ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ լրատվամիջոցների այն հրապարակումներին, ըստ որի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը քննության առարկա է դարձնելու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը, և խորհուրդ տվեց այն քննության առնելու փոխարեն՝ քննել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները.

«Երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար է, և դա տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, որտեղի՞ց նրան այդ տեղեկությունը:

Այս ամիսների ընթացքում Ապրիլյանի հանձնաժողովն ում ասես՝ հրավիրում է, բացի գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանից, որը տվել է հրապարակային ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան, թե ինչու է սկսվել այդ պատերազմը, ով է սկսել, ինչի մասին էր, ակնհայտ է, որ այս հանձնաժողովի աշխատանքները ֆարս են»:

ՀՀԿ խոսնակը հավելեց, որ հանձնաժողովի նպատակը մեկն է՝ ստվեր գցել հաղթանակի վրա:

Հիշեցնենք, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ հանձնաժողովը ծրագրում է իր աշխատանքների ավարտին հանձնաժողով հրավիրել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք նաև, որ 2019թ. մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը հայտարարել էր, որ «հասունացել է 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Քննիչ հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս